NEWS.am-ը ներկայացնում է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերի «Today’s Zaman»-ի էջերում տպված «Հայաստան եւ Թուրքիա. կենտրոնանալ հնարավորի վրա՝ չհուսալով ավելի լավը» հոդվածը։
Անցած շաբաթ հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների քննարկումները Հայաստանի խորհրդարանի կողմից կանգնեցնելը եւս մեկ հարված էր հայ-թուրքական հաշտեցմանը։
Սակայն դա կարող է նաեւ առիթ հանդիսանալ այն բանի համար, որպեսզի կողմերը կենտրոնանան հնարավորի վրա՝ հայ-թուրքական հարաբերությունների մասով չհուսալով ավելի լավը։
Արձանագրությունների նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է, ընդհանուր սահմանը ճանաչելը եւ բացելը, ինչպես նաեւ համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելը։
Վերջին երկուսը մոտ ապագայում չեն կարող իրագործվել։ Այնպես որ ժամանակն է, որ Երեւանում եւ Անկարայում կենտրոնանան առաջին երկուսի վրա։ Վերջին 18 ամիսներին երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են բազմաթիվ անգամներ։
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը նախորդած վստահության կերտման տասնամյակն այժմ կարող է հօդս ցնդել։ Դրա փոխարեն Երեւանի եւ Անկարայի համար առավել ճիշտ քայլ կլիներ մի կողմ թողնել արձանագրությունների առավել դժվար կետերը եւ առաջ շարժվել քիչ վիճելի մասերով։ Չնայած բոլոր դժվարություններին՝ նրանք կարող են գնալ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ ընդհանուր սահմանի ճանաչմանը։ Դա խորհրդարանների կողմից հաստատում չի պահանջում, վերաբերում է զուտ երկկողմ հարաբերություններին եւ կապված չէ ղարաբաղյան հակամարտության հետ։
Անգամ դիվանագիտական այս ծանր պայմաններում Հայաստանի եւ Թուրքիայի առաջնորդները կարող են եւ պետք է ձեռնարկեն առաջնային այս քայլերը՝ երաշխավորելով, որ իրենց ժողովուրդները կարող են բարգավաճ ապագա կառուցել եւ վերջնական արդյունքում հաշտվել իրենց ողբերգական պատմության հետ։




























