Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Հայաստանում իր անդամ կազմակերպություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն և Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպությունը իրենց մտահոգությունն են հայտնում 2010թ. ապրիլի 13-ին Ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան առիթով։ Այս մասին ասված է նախօրեին նրանց տարածած հայտարարության մեջ:
«Մեր կազմակերպությունները հայտնում են իրենց խորին մտահոգությունը կատարվածի կապակցությամբ։ Այս մահվան հանգամանքները պետք է քննության արժանանան և մեղավորները կանգնեն արդարադատության առջև։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների համաձայն, պետությունը պատասխանատվություն է կրում ոստիկանության բաժնում ցանկացած մահվան դեպքի համար, և համապատասխան պաշտոնյաները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն կյանքի իրավունքը խախտելու համար՝ լինի դա սպանություն, թե ինքնասպանություն։
Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքացին մահանում է ոստիկանության բաժնում։ Ինչպես FIDH-ը և ՔՀԻ-ն նախկինում հայտարարել էին , 2008թ. մայիսի 12-ին որպես սպանության վկա ոստիկանություն հրավիրված Լևոն Գուլյանը ևս մահացել է ՀՀ Ոստիկանության շենքում, և մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել մահվան փաստի առթիվ»,-ասված է հայտարարության մեջ:
Հեղինակները պահանջում են կատարել անհապաղ, թափանցիկ և արդյունավետ քննություն Վահան Խալաֆյանի մահվան առիթով, երաշխավորել, որպեսզի մեղավորները կանգնեցվեն իրավասու, անկախ և անաչառ դատարանի առջև՝ ազգային քրեական իրավունքի համապատասխան, պահպանելով մարդու իրավունքների միջազգային սկզբունքները և չափանիշները, ապահովել հավասար քննություն նաև այն բարձրաստիճան պաշտոնյաների գործողութոյւնների վերաբերյալ, որոնք չեն կարողացել կանխել նման դեպքերը, այդպիսով նպաստել են անպատժելիության մթնոլորտի տարածմանը, գործել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի և ՄԱԿ–ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ կոնվենցիայի դրույթների համաձայն, որոնք հստակորեն պարտավորեցնում են պետությանը իրականացնել քննություն և պատասխանատվության առաջ կանգնեցնել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հնարավոր մեղավորներին։
Կազմակերպությունները հիշեցրել են, որ 2010 թվականի ապրիլի 13-ին 24-ամյա Վահան Խալաֆյանը բերվել է Ոստիկանության Չարենցավանի բաժին երեք այլ երիտասարդների հետ 2010թ. ապրիլի սկզբին կատարված մեկուկես միլիոն դրամ արժողությամբ հագուստի գողության կասկածանքով։ Ըստ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ապրիլի 14-ի հայտարարության՝ նրանց բերման են ենթարկել 16:50-ին, սակայն Վ. Խալաֆյանի մայրն ապրիլի 19-ին հայտնել է, որ իր որդուն ոստիկանություն են տարել առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում՝ առանց որոշման կամ ծանուցագրի։ Ապրիլի 13-ին, ժամը 17-ի սահմաններում Վահան Խալաֆյանը մահացել է ոստիկանության Չարենցավանի բաժնում՝ դանակով հասցված մահացու վնասվածքներից։ Ըստ ապրիլի 14-ի Ոստիկանության հաղորդագրության, Վահան Խալաֆյանը ինքնասպանություն է գործել։ Ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ձերբակալվել են Չարենցավանի ոստիկանության քրեական հետախոզության բաժանմունքի պետը եւ նույն բաժնի օպերլիազորը:




























