Մայիսի 11-ին սկսվում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական այցը Թուրքիա։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Սաբահ» թերթը, հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը։

Նա նշել է, որ մինչեւ Ռուսաստանի նախագահի այցելությունը, ինքն էներգետիկ հարցերի քննարկման նպատակով կմեկնի Մոսկվա։ «Ռուսաստանը մեր հին եւ ռազմավարական գործընկերն է, եւ մենք էներգետիկ մեծ պլաններ ունենք, այնպես որ այդ հարցերի քննարկման համար ես Մոսկվա կմեկնեմ»,-ասել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի ղեկավարությունը նպատակ ունի ՌԴ նախագահի՝ Անկարա կատարելիք այցի ժամանակ քննարկել նաեւ ղարաբաղյան կարգավորման հարցը։ Նա նշել էր, որ Թուրքիան այդ խնդիրը դիտում է իբրեւ սեփական խնդիր եւ այն պահում է իր օրակարգում։ «Մենք դեմ ենք Կովկասում առկա ստատուս-քվոյի շարունակությանը»,- հայտարարել էր Դավութօղլուն։