Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ի սկզբանե դեմ է եղել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը եւ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, ըստ որի կա'մ չեն ստորագրվում արձանագրությունները, կա'մ ստորագրվում են հայկական կողմի պահանջատիրական նախապայմաններով:

«Մենք մասնակցել ենք նաեւ այդ արձանագրություններին „Ո՛չ“ ասող ուժերի համատեղ պայքարին, որոնցից որոշները նույնիսկ կողմ են եղել արձանագրությունների փոփոխման (ոչ թե նախապայմաններ առաջադրելու) տարբերակին, սա­կայն ՀԱՄ-ը այստեղ էլ մնացել է իր սկզբունքային դիրքորոշմանը:

Ուստի՝ ՀԱՄ-ի կառույցները ողջունում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ իշխող քաղաքական ուժերի հայտարարությունները՝ հիշյալ արձանագրությունների գործընթացը „սառեցնելու“ մասին:

Կարեւորում ենք նաեւ, որ ՀՀ նախագահն իր հայաստանյան եւ սփյուռքյան ելույթներում, նաեւ միջազգային հանդիպումների ժամանակ հստակորեն տարանջատել է Արցախ-ԼՂՀ-ի եւ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրները հայ-թուրքա­կան կոչված արձանագրությունների գործընթացից:

Այս օրերին հետեւելով ՀՀ նախագահի, իշխող քաղաքական ուժերի եւ ընդդիմադիր ու այլ կազմակերպությունների հաղորդագրություններին եւ մեկնաբանություններին, նկատում ենք հաստատակամություն՝ հայկական կողմի ապրիլի 22-ի (մինչեւ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը) դիրքորոշումը ամրապնդելու առումով:

Այս ամենը գնահատելով ըստ արժանավույն, այնուամենայնիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կոչ ենք անում „հետ կանչել“ այդ արձանագրությունների տակ դրած հայկական կողմի ստորագրությունը եւ միջազգային հանրությանը հիմնավոր պատճառներ ներկայացնել՝ Հայաստան-Թուրքիա սահմանները պարզապես բացելու եւ միջազգային նպատակներով օգտագործելու համար: Վստահ ենք՝ այսօր դրա հիմքերը կան:

Իսկ հայ-թուրքական իրական հարաբերությունները պետք է միանշանակ ձեւավորվեն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման եւ Հայոց հայրենիքի վերատիրման նախապայմաններով»,- ասված է հայտարարության մեջ: