Հարավային Օսիայի նոր վարչապետ, ամենայն հավանականությամբ, կդառնա Վադիմ Բրովցովը, որը Չելյաբինսկի «Վերմիկուլիտ» շինարարական ֆիրմայի գլխավոր տնօրենն է։ Այս մասին իր այսօրվա համարում հայտնել է ռուսական «Կոմերսանտ» թերթը։ Հրապարակման համաձայն, Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին խոստացել է նոր վարչապետի թեկնածուի անունը հայտնել այսօր, օգոստոսի 5-ին։

Հրատարակությունը նշում է, որ Հարավային Օսիայի կառավարության հրաժարականը դարձել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի վերջերս տարածաշրջան կատարած այցի հետևանքներից մեկը, որը դժգոհ էր մնացել հանրապետության վերականգնման տեմպերից։ Հարավօսական ընդդիմությունը վստահ է, որ կաբինետի հրաժարականը Էդուարդ Կոկոյտին կօգտագործի այն բանի համար, որպեսզի վերականգնումը տապալելու պատասխանատվությունը բարդի անցանկալի նախարարների վրա։ Սակայն մինչև ձմեռ բնակարաները վերաշինել նոր կառավարությունն արդեն չի հասցնի։

Ինչպես արդեն հաղորդել էր NEWS.am-ը, Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին իր օգոստոսի 3-ի հրամանագրով պաշտոնանկ է արել հանրապետության վարչապետ Ասլանբեկ Բուլացևին՝ առողջական վիճակի կապակցությամբ։ Նախարարները կկատարեն իրենց պարտականությունները մինչև հանրապետության կառավարության նոր կազմի ձևավորումը։

Պաշտոնական տեսակետի համաձայն, Ասլանբեկ Բուլացևը սրտի կաթված է տարել և այն ժամանակվանից գտնվում է հիվանդանոցում։ Մինչդեռ Հարավային Օսիայի ու Հյուսիսային Օսիայի կառավարություններում «Կոմերսանտ»-ի աղբյուրները պատմել են, որ պարոն Բուլացևի մեկնելու պատճառ է դարձել նախագահ Կոկոյտիի հետ նրա հակամարտությունը։ ՌԴ-ի նախաձեռնությամբ նշանակված վարչապետը փորձում էր վերահսկել ֆինանսական հոսքերը, ինչից հետո նրա մոտ են եկել զինված դիմակավոր մարդիկ և ասել, որ նա չի աշխատելու հանրապետությունում։