Ապրիլի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան  օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը նոր տնօրեն կունենա: Մինչ տնօրենի թափուր պաշտոնի համար մղվող պայքարը թեժ ու հակասական երանգներ է ստանում, թատրոնում նոր խմորումներ են հասունանում: Արդեն մի քանի  օր է՝ Օպերայի եւ բալետի թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը աշխատանքի չի ներկայանում: Թատրոնի անձնակազմը հանդես է եկել նրա դեմ ստորագրահավաքի նախաձեռնությամբ, որի պատճառը, ըստ բալետմայստերի, ստեղծված մթնոլորտն է:

Այս  մասին NEWS.am–ի լրագրողը զրուցել է Ռուդոլֆ Խառատյանի հետ։

Պարոն Խառատյան, Ձեր կարծիքով՝ որն է Օպերային թատրոնում Ձեր դեմ ստորագրահավաք նախաձեռնելու պատճառը:

Պատճառները շատ էին, ընդ որում, մի քանի պատճառ համընկան իրար հետ: Ամեն ինչ սկսվեց Կենսաթոշակային բարեփոխումների դեմ օպերային թատրոնի բողոքից, դրանից հետո նոր խնդիրներ առաջ եկան՝ մարդիկ անձնական ամբիցիաներ առաջ քաշեցին եւ սկսեցին հետապնդել իրենց իսկ ամբիցիաները՝ ուզենալով ազատվել ինձանից: Ես այդ մարդկանց անուններն այսօր չեմ տա, բայց շատ քիչ է մնացել: Մի քանի օրից ամեն ինչի մասին կբարձրաձայնեմ:

Ինչի՞ համար են ուզում ազատվել Ձեզանից, պարոն Խառատյան:

Ես արդեն չորս ու կես տարի այստեղ եմ ու շատ լավ գիտեմ՝ դրսում բալետային արվեստը ինչ թափով է զարգանում ու ինչ հարցեր է լուծում: Եթե հետեւել եք՝ բոլորովին վերջերս կայացած  Օլիմպիական խաղերին, տեսել եք, որ գեղարվեստական բեմադրության մեծ մասն ամբողջովին բալետային լուծումներով էր կառուցված: Ենթադրելի է, որ բալետն իրենց համար մեծ արժեք է, եւ ես նույնպես այդպես եմ կարծում: Բալետով կարելի է նույնիսկ արդի ոգու եւ պատմության մասին խոսել, որովհետու բալետը թարգմանության կարիք չունի, դրա լեզուն միջազգային է: Այսօր այն պետությունը, որ ունի կայացած բալետ, հզոր է: Ցավալին այն է, որ մենք ունենք այդ ներուժը, բայց չենք կարողանում հզորանալ, որովհետեւ ուղղվածություն եւ նպատակ չունենք, չգիտենք՝ ոնց գնալ, ուր գնալ: Մեզ մոտ եւ Օպերային թատրոնում եւ  արվեստի դաշտում քաոս է տիրում: Մեր երկրի ֆիզիկական սահմանները, փառք Աստծո,  պաշտպանված են, բայց մշակութային սահմաններ ընդհանրապես չկան, էլ չեմ խոսում պաշտպանվածության մասին: Այս բոլոր խնդիրները, որոնց մասին խոսեցի, դրանք ես ինքս դրել եմ իմ առաջ` մեծ ու փոքր  ներկայացումներ, դրսից հրավիրված խորեոգրաֆներ…. Բայց ֆինանսական ներդրումներ բոլորովին չկան: Գիտեք՝ խայտառակ իրավիճակների մեջ եմ ընկել` պայմանավորվել եմ բալետային արվեստում հայտնի մասնագետների հետ, որ գան, իրենց փորձը բերեն, բայց նույնիսկ նրանց ճանապարհածախսի հարցերը չեն հոգացել:

Ենթադրում եմ, որ դա պետք է աներ Մշակույթի նախարարությունը, թե՞ սխալվում եմ:

Արդեն չգիտեմ՝ ով է անում, ինչ է անում….արդեն զզվել եմ ես….հոգնել եմ էս ամեն ինչից: Ձեզ մի դեպք պատմեմ, բայց չզարմանաք։ Անցած ամսի 24-ին պետք է տեղի ունենար «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը, Ամստերդամից մի պարային զույգ պետք է գար մասնակցելու ներկայացմանը, բայց այդ զույգը չեկավ…Գիտե՞ք ինչու: Որովհետեւ մեր պարողներ դեմ կանգնեցին…բողոքում էին ֆեյսբուքյան իրենց էջերում, հայտարում էին, որ պրավալ կտան ներկայացումը, եթե նրանք գան… Ու իրենք հաղթեցին: Մենք խայտառակ վիճակի մեջ են ընկել, չեն ուզում աշխատեն այդ մարդիկ, չեն ուզում մարզվեն, սա է խնդիրը:

Պարողները բողոքում են, որ Դուք մասնագիտական չափազանց խիստ պահանջներ եք ներկայացնում իրենց:

Իհարկե, խիստ եմ, որովհետեւ այս ազգը խստության մեծ պակաս ունի: Եթե մարդ 17 օր չի գալիս  աշխատանքի, ինչպե՞ս վարվել, ինչքանի՞ սահմաններում խիստ լինել: Բալետը սպորտի նման է: Եթե մեծ սպորտում մարզիկը մեկ միլիմետր տարվում է հակառակորդին, ապա իր երկրի դրոշը չի բարձրանում: Մերոնք պարտվում են… Ոչ թե տարիներով, այլ հազարամյակներով հետ ենք մնացել  համաշխարհային բալետի զարգացումներից: Մենք մեր երկրում ոչինչ չենք կարողանում կառուցել: Անընդհատ դուրս ենք գնում, դրսում ենք կառուցում, հաջողությունների հասնում: Ինձ էլ դրսից հրավիրեցին, որ գամ իմ փորձը բերեմ, չէ՞ որ այնտեղ ես կարողացել եմ հաղթահարել իմ առաջ դրված խնդիրները ու հաջողությունների հասել: Բերեցին ու արդեն քանի տարի միայն մի բան եմ լսում. ապասիր, հիմա էլ ասում են՝ հեսա նոր տնօրեն է գալու, սպասիր, լավ կլինի:

Ո՞վ է ասում՝ սպասիր:

Ես այդ ասողների անունները շուտով տալու եմ, շատ հարցերի պատասխան եմ տալու, որովհետեւ արդեն տեղ չկա …

Ի՞նչ եք կարծում՝ ով է լինելու Ձեր նոր տնօրենը: Մշակույթի նախարարությունը գաղտնի է պահում մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուների անունները:

Նախ չեմ հասկանում՝ ինչ նպատակով է գաղտնի պահվում նրանց անունները: Մի անգամ մեր երգիչներից մեկը մի լավ բան ասեց` ինչի՞ եք գաղտնի պահում` մենք ոչ գաղտնի երգել ենք, ոչ էլ գաղտնի պարել: Այնտեղ, որտեղ պետք է գաղտնիք պահեն, չեն պահում, որտեղ պետք չի,  պահում են …. Չգիտեմ, արդեն այնքան եմ զզվել էս ամեն ինչից, որ …. Մենք կորսված ազգ ենք, չգիտենք ուր ենք գնում.. Բայց մեր հարեւանները, օրինակ, շատ հստակ գիտեն իրենց հոգեւոր սահմանների տեղը, ինչ սահմաններ է դեռ պետք գրավել, ինչպես պետք է պայքարել …

Դուք մի քանի օր չեք ներկայացել աշխատանքի: Ի՞նչն է պատճառը կամ ինչին եք սպաում:

Ես սպասում եմ ապրիլի 4-ին, որ իմանամ՝ ով է լինելու մեր նոր տնօրենը: Ով էլ լինի, ես նրա հետ խոսելու շատ լուրջ թեմա ունեմ` հայկական բալետի խնդիրները: Եթե նա կգտնի, որ հանուն մեր բալետի զարգացման կարող է ապահովել այդ պահանջները, լավ, իսկ եթե ոչ, ուրեմն ինչի՞ համար եմ ես էստեղ: Կգնամ նորից էնտեղ, որտեղից եկել եմ, ոչ ես իրենց կտանջեմ, ոչ  իրենք ինձ: Ի վերջո, իրենք են ինձ հրավիրել ու ես գիտեի, որ շատ կարճ ժամանակահատվածում կարող էի հայկական բալետի զարգացումը հասցնել միջազգային մակարդակի… Ի վերջո, ես ամեն ինչ թողնելու ու այստեղ գալու որոշումը հեշտ չեմ կայացրել….

Զրուցեց Նվարդ  Մանվելյանը