ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքի ծայրամասում գտնվող ֆիթնես-ակումբներից մեկում մի տղամարդ կրակ է բացել ներկաների վրա: Նրա արձակած կրակոցների հետևանքով զոհվել է 5 մարդ, եւս 15-ը վիրավորվել են:
Միջին տարիքի սպիտակամորթ տղամարդը ակումբ է մտել սպորտային պայուսակով, հայացքը շրջել է ներկաների վրայով, ապա անջատել լույսն ու կրակ բացել: Հարձակման պահին, ըստ ականատեսների, ակումբում եղել է 30 կին: Բժիշկների հավաստմամբ, հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մի քանիսի վիճակը խիստ ծանր է:
Դեռ չի հաղորդվում՝ արդո՞ք կրակողը ձերբակալված է, թե` ոչ: Որոշ աղբյուրներ նշում են, որ նա նույնպես սպանվել է: Ոստիկանները պատմել են, որ հանցագործը կրակել է երկու հրազենով, եւ ոչ մի պահանջ չի ներկայացրել:


























