«Եվրամիության երեք կառույցներում՝ ԵՄ խորհրդում, Եվրոպական հանձնաժողովում եւ Եվրոպական խորհրդարանում բավականին քաջատեղյակ են Հայաստանում ստեղծված իրավիճակին»,- ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը՝ խոսելով ապրիլի 12-ից 24-ը ԵՄ հրավերով Բրյուսելում եւ Ստրասբուրգում գտնվելու իր օրակարգի մասին։

Նա միաժամանակ նկատեց, որ եվրոպացի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումներում ինքը մանրամասն տեղեկություններ տրամադրելու կարիք է զգացել. «Եվրոպական կառույցներում թեպետ ընդհանուր առմամբ տիրապետում են Հայաստանի մասին տեղեկատվությանը, սակայն ոչ լիարժեք տեղեկացվածություն կա մանրամասների նկատմամբ»,- շեշտեց ՀԱԿ ներկայացուցիչը։

Կարապետյանի խոսքով, եվրոպական կառույցների տնօրինությունների հետ հանդիպումներն իրեն ապացուցել են, որ իր՝ ԱԳՆ-ում աշխատելու տարիների հետ համեմատած՝ Հայաստանն ամենատարբեր ոլորտներում էական տեղաշարժեր չի գրանցել. «Օրինակ, եվրոպական ինտեգրման ուղղությամբ. Հայաստանի՝ ԵՄ ասոցիացված պայմանագրի մասով բանակցութուններ չեն սկսվել։ Քննարկումներ չեն սկսվել նաեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման եւ վիզային ռեժիմի պարզեցված կարգի հարցերում, այնինչ հարեւան Վրաստանն ավարտել է վիզային ռեժիմի պարզեցված կարգի մասին համաձայնագիրը»,- հիշեցրեց Կարապետյանը։

Անդրադառնալով ԵՄ կողմից Հայաստանի մասին տարեկան զեկույցի թեմային՝ ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ այն կհրապարակվի մոտակա 10-15 օրերի ընթացքում. «Զեկույցը բավական համապարփակ է լինելու, եւ հետաքրքիր կլիներ այն համեմատել ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից նախապատրաստված մարդու իրավունքների զեկույցի հետ»,- տեղեկացրեց Վ. Կարապետյանը։

Ամփոփելով՝ նա տեղին համարեց ավելացնել, որ որքան էլ ՀԱԿ-ի շփումները եվրոպական կառույցների հետ սերտ են, այնուամենայնիվ ինքը զգում է, որ իրենք պետք է ավելի ակտիվ լինեն. «Թեպետ չկա եվրոպական բարձրաստիճան մի պատվիրակություն, որը Հայաստան այցելելիս չհանդիպի ՀԱԿ-ի ղեկավարության հետ, զգում եմ, որ մենք բացեր ունենք. իշխանությունները հետեւողականորեն կամպանիա են տանում Հայ ազգային կոնգրեսի դեմ» ,- եզրափակեց Վ. Կարապետյանը։