ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ Հայաստանին վերաբերող մասը ենթադրում է, որ Դաշինքը կաջակցի Հայաստանին երկրի զինված ուժերի անձնակազմի որակավորման բարձրացման հարցում: Գործնականում դրա մեջ ոչ մի նորություն չկաԼ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում արդեն սերժանտական կազմի մասնագիտական նախապատրաստության ծրագիր է իրականացվում, որը համակարգում է Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: «Այդ ծրագիրը գոյություն ունի վաղուցվանից եւ շատ արդյունավետ է գործում: Բայց ես չեմ կարծում, որ կարող են ինչ-որ հետագա զարգացումներ լինել: Ընդհանուր առմամբ՝ ՆԱՏՕ-ի հայտարարությունում Մոլդովայի, Ադրբեջանի եւ Հայաստանի վերաբերյալ որոշվել է օգտագործել այն, ինչ հիմա էլ օգտագործվում է»,-նշել է Մինասյանը՝ հիշեցնելով Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը, որտեղ ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հետագա խորացում չի նախատեսվում:
Քաղաքագետի խոսքով՝ այդ հայտարարությունից չի բխում, որ չի պահպանվի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա մակարդակը, որն, իսկապես, կարեւոր նշանակություն ունի ՀՀ Զինված ուժերի արդյունավետության բարձրացման համար:
Սերգեյ Մինասյանը հավելել է, որ ՆԱՏՕ-ն, բնականաբար, կփորձի արձագանքել Ուկրաինայի շուրջ իրադարձություններին: «Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ, ՆԱՏՕ-ի համար լուրջ եւ տհաճ անակնկալ էր, եւ Դաշինքի հետագա առաջխաղացումը հետխորհրդային տարածքում անհնար է առանց Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ ինչ-որ քաղաքական որոշման, իսկ դա ես այս պահին չեմ տեսնում»,-ամփոփել է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի ֆոնին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտարարել էին Մոլդովայի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հանագործակցությունն ընդլայնելու մտադրության մասին:



























