Anadarko Petroleum Corp նավթային ընկերությունը ԱՄՆ-ին կվճարի  5,5 միլիարդ դոլար՝ շրջակա միջավայրն աղտոտելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության կայքում հրապարակված փաստաթղթում։ 

Տվյալ որոշմանը նախորդել էր արդարադատության նախարարության երկարատեւ դատավարությունն ընկերության հետ։ Anadarko-ի նկատմամբ դատական հայցեր էին ներկայացրել նաեւ մի քանի նահանգների իշխանություններ։ 
Ըստ դատախազի՝ ընկերությունը զգալի վնաս է հասցրել բնությանը։

«Եթե դուք 85 տարի աղտոտում եք երկիրը, ապա դուք պատասխանատու եք այն մաքրելու համար», — հայտարարել է դատախազը, նշում է gazeta.ru-ն։

Ընկերությունը համաձայնել է վճարել։ 5,5 միլիարդ դոլարը շրջակա միջավայրն աղտոտելու համար երբեւէ վճարված ամենախոշոր գումարն է ԱՄՆ-ի պատմության մեջ։ 

4,4 միլիարդ դոլար կփոխանցվի ընկերության աշխատանքից տուժած նահանգների իշխանություններին, այդ աղտոտումը վերացնելուն ուղված աշխատանքներին եւ տուժածների փոխհատուցմանը։