Ամերիկացի սերիական մարդասպան Թոմի Լինն Սելսը մահապատժի է ենթարկվել Թեքսաս նահանգի բանտում։ Մահապատիժն ի կատար է ածվել ԱՄՆ-ի Գերագույն դատարանի կողմից փաստաբանների հայցը մերժելուց հետո, որում նրանք պահանջում էին հայտնել՝ որտեղից էին վերցվել մահացու ներարկման դեղամիջոցները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բանտի ղեկավարությունը ցանկացել է այդ տեղեկությունը գաղտնի պահել՝ մատակարարին հնարավոր սպառնալիքներից ապահովագրելու համար։

Ավելի վաղ դեղորայքի եվրոպական արտադրողները հայտարարել էին, որ իրենց արտադրանքն ԱՄՆ չեն մատակարարելու, եթե այն օգտագործվելու է մահապատիժներ իրականացնելու համար։ Այդ պատճառով ԱՄՆ-ի մի քանի նահանգների բանտեր բախվել էին մահացու  ներարկումների համար նախատեսված դեղորայքի բացակայության խնդրին։

49-ամյա Սելսը Թեքսասի ամենավտանգավոր եւ դաժան սերիական մարդասպաններից էր։ Նա խլել է 22 մարդու կյանք, որոնց շարքում կան նաեւ 11-13 տարեկան երեխաներ։  Մարդասպանը մահապատժի էր դատապարտվել դեռեւս 2000թ.։ 

Սելսը դատական հոգեբույժի հետ զրույցներում պատմել էր, որ սպանել  70  մարդու, սակայն քննիչները պարզել էին, որ Սելսն իրեն նաեւ չարած բաներ է վերագրում։