Նյու Յորքի քաղխորհուրդը մահմեդականներին թույլատրել է կաթոլիկ նախկին եկեղեցու տանիքից հեռացնել խաչերը՝ գոթական կառույցը որպես մզկիթ օգտագործելու համար:

Խաչերը հանելու դեմ բողոքել են որոշ բնակիչներ, 200-ից ավելի մարդ առցանց խնդրագիր է ստորագրել, որում նշված է, որ 100 տարի առաջ վերաբնակեցված գերմանացիների  կառուցած Սուրբ Երրորդություն եկեղեցին քաղաքի տեսարժան վայր է եւ ճարտարապետական կոթող, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Սակայն խորհրդի նախագահը հայտարարել էր, որ մարմինն իրավունք չունի միջամտել դավանանքի ազատությանը վերաբերող հարցերին:

Եկեղեցին փակվել էր  2010թ.: Անցյալ տարվա դեկտեմբերին եկեղեցին, կիրակնօրյա դպրոցի շենքը եւ ծխական քահանայի տունը գնել էր ոչ առեւտրային մի կազմակերպություն, որը  զբաղվում է ներգաղթյալների շրջանում անգրագիտության վերացմամբ: 

Նախկին եկեղեցու շենքում մզկիթ բացելու նախաձեռնողը ուսումնական կենտրոնի տնօրենն է: Նա հայտարարել է, որ խաչերը պետք է հանվեն, քանի որ իսլամն արգելում է կուռքերի եւ խորհրդանիշների պաշտամունքը: