Ուկրաինայում գործարար Շաբաբ Ալոյանի սպանության համար ցմահ ազատազրկված Մերաբ Ալոյանն արդեն երկու շաբաթ է՝ հացադուլի մեջ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Ալոյանի հարազատները:

«Մերաբն արդեն երկու շաբաթ մեկուսարանում է ու այս ընթացքում էլ հացադուլ է հայտարարել: Կինն էլ մեկնել է Ուկրաինա՝ հասկանալու համար, թե ինչպես կարող է օգնել մեկուսարանում եւ հացադուլի մեջ գտնվող ամուսնուն»,- ասացին նրան:

Հարազատները հայտնեցին, որ ապրիլի 4-ին կինը Հայաստան է վերադառնալու եւ արդեն հստակ կասի, թե ինչ վիճակում է գտնվում ամուսինը:

Նշենք, որ Մերաբ Ալոյանը մեկուսարան է տեղափոխվել մարտի 20-ին եւ այնտեղ կմնա երկու ամիս: Ցմահ ազատազրկված, ազգությամբ քուրդ Ալոյանին նույնիսկ տեղյակ չեն պահել մոր մահվան մասին:

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերին Մերաբ Ալոյանը Ուկրաինայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը պլանավորելու եւ իրականացնելու համար: Փաստաբանները վճիռը բողոքարկել էին Ուկրաինայի Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ, սակայն վճիռն անփոփոխ էր մնացել: Մերաբ Ալոյանի փաստաբաններն ու պաշտպանող կազմակերպությունները պնդում են, որ Մերաբ Ալոյանի կյանքին կալանավայրում վտանգ է սպառնում: