Հանրապետական կուսակցությունը կարող է իրեն «շռայլություն» թույլ տալ եւ նոր վարչապետ նշանակել ոչ իր կուսակցության անդամին: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է նոր վարչապետը լինի այլ կուսակցությունից:
«Հանրապետական կուսակցությունը կարող է իրեն չակերտավոր շռայլություն թույլ տալ եւ նշանակել մեկին, որը կլինի ոչ ՀՀԿ-ից, բայց քաղաքական գործիչ»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանը նշեց, որ ինքը տեղյակ չէր վարչապետի հրաժարական ներկայացնելու դիմումի մասին: «Վարչապետի հրաժարականն ապացույցն է այն բանի, որ կառավարության կազմաավորումը բացառապես կախված է քաղաքական մեծամասնության եւ նախագահի որոշումից: Ես տեղյակ չէի, բնական երեւույթ է, որովհետեւ կառավարությունները գալիս են, աշխատում են եւ գնում են»,- ասել է նա:
Հարցին՝ արդյոք Աշոտյանն իրեն տեսնում է նոր կառավարությունում, նախարարն ասաց. «Ես ինձ տեսնում եմ Հանրապետական կուսակցությունում, սա բավարար է, որ ինձնից պրծնում չունենաք»:
Նշենք, որ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել էր, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Շարմազանովի խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված եւ այլ հարցեր, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել: Վարչապետի դիմումը բավարարվել է:



























