Ապրիլի 28-ին, ժամը 9.40-ին Արարատի մարզի Սիփանիկ գյուղի բնակչուհի Ն.Սարգսյանից ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրեւի հետեւանքով սելավային ջրերը լցվում են իր տուն:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, ժամը 9.50-ին դեպքի վայր է մեկնել Մասիս քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ հորդառատ անձրեւների եւ գրունտային ջրերի բարձրացման հետեւանքով ջրածածկվել են 50 տան տնամերձ հողատարածքները, եւ 10 նկուղային հարկեր լցվել են ջրով: Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանը:
Նույն օրը, ժամը 16.57-ին Դիլիջանի փոխքաղաքապետից ահազանգ է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրեւից վարարել է Գալավինկա գետակը` Գորկու փողոցով անցնող հատվածում պոկելով բետոնե 30 բլոկ (1 խմ ծավալով), որոնք կուտակվելով` նեղացրել են գետի հունը:
Գետի մաքրման նպատակով քաղաքապետարանը հատկացրել է մեկ ավտոկռունկ: Դեպքի վայր է մեկնել Դիլիջանի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Քաղաքապետարանի հետ համատեղ իրականացված` գետի հունի մաքրման աշխատանքներն ավարտվել են ժամը 18.00-ին: Գետից դուրս են բերվել բետոնե բլոկներ, ծառի կոճղեր եւ արմատներ: Գետի հունը նորմալացել է, վտանգը` կանխվել:
Նույն օրը, ժամը 18-ին ինքնափլուզվել է Իջեւան քաղաքի Նար-Դոսի փողոցի 22-րդ տան պատը: Ժամը 18.05-ին դեպքի վայր են մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մարզպետարանի աշխատակիցները:
Տեղում պարզվել է, որ հորդառատ անձրեւի հետեւանքով ինքնափլուզվել է քաղաքացի Գ. Եգանյանին պատկանող տան ետնամասում կառուցված քարե` 15 քմ մակերեսով պատնեշը, ինչի հետեւանքով վնասվել է տան հիմնական պատը, առաջացել են ճաքեր, եւ բնակիչներին վտանգ է սպառնում: Բնակիչներին զգուշացվել է ժամանակավորապես չբնակվել տանը` մինչ վթարի վերացումը:




























