«Իջեւանատուն» հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ նկատմամբ մահափորձ կատարելու կասկածանքով ժամեր առաջ ձերբակալվել է մեկ անձ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Թե ինչն է եղել մահափորձի պատճառը, այդ մասին դեռ ոչինչ հայտնի չէ, մանրամասները պարզվում են:
NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ ձերբակալվածը Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ է, 43 տարեկան, ով փաստացի բնակվում է Երեւանում: Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները նրան բերման են ենթարկել Երեւանի Ավան-Առինջ թաղամասից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ օրերս Իջեւանում մահափորձ է կատարվել տեղի գործարարներից մեկի դեմ: NEWS.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 1-ին գիշերը մի տղամարդ կրակոցներ է արձակել «Իջեւանատուն» հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ ուղղությամբ հենց համալիրի մուտքի մոտ: Ի պատասխան այս կրակոցների, սեփականատերը, որի անունը Անդրանիկ է, իր մոտ եղած որսորդական հրացանից կրակոցներ է արձակել, որից հետո իր ուղղությամբ կրակող տղամարդը դիմել է փախուստի:
NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են նաեւ ոստիկանությունից` հայտնելով, որ մահափորձ կատարած տղամարդը դեռ չի հայտնաբերվել: «Ձեռնարկվում են միջոցառումներ նրան եւ իր հետ համալիր այցելած անձանց ինքնությունները պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,- հայտնել են ոստիկանությունից:




























