«Իջեւանատուն» հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ նկատմամբ մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվածը Գետահովիտ գյուղից Ավան-Առինջ թաղամասում ապրող 43-ամյա Աշոտ Այդինյանն է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Նա կասկածվում է հյուրանոցի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի ուղղությամբ իր մոտ ապօրինի պահվող «ՏՏ» ատրճանակից կրակոցներ արձակելու ուղղությամբ:
Գործի շրջանակներում Գետահովիտի մի շարք բնակիչների տներում խուզարկություններ են արվել: Խուզարկություններ են կատարվել Յուրիկ Մանուչարյանի տանը, որտեղից հայտնաբերվել է նռնակ՝ պայթուցիչով, գետահովիտցի Արտակ Ղազարյանի տնից էլ հայտնաբերվել է ողորկափող որսորդական հրացան, «Բայկալ» տիպի հրացան եւ 16 մմ տրամաչափի 8 փամփուշտ: Ձերբակալվածի ազգական Մասիս Այդինյանի տնից էլ հայտնաբերվել է «Տոզ» հրազեն, հրթիռանետ ատրճանակ եւ փաթաթված վիճակում կրակատար քուղ:
Քննությունը կատարվելու է ոստիկանության Տավուշի մարզի Իջեւանի բաժնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ օրերս Իջեւանում մահափորձ է կատարվել տեղի գործարարներից մեկի դեմ: NEWS.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 1-ին գիշերը մի տղամարդ կրակոցներ է արձակել «Իջեւանատուն» հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ ուղղությամբ հենց համալիրի մուտքի մոտ: Ի պատասխան այս կրակոցների, սեփականատերը, որի անունը Անդրանիկ է, իր մոտ եղած որսորդական հրացանից կրակոցներ է արձակել, որից հետո իր ուղղությամբ կրակող տղամարդը դիմել է փախուստի: Գործի շրջանակներում ձերբակալվել է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, ով 43 տարեկան եւ բնակվում է Երեւանում:




























