Մարտի 4-ին ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը երեկ՝ ապրիլի 4-ին, տեղափոխվել է Վերին Կարմիրաղբյուր գյուղ: NEWS.am-ի թղթակցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանն ասաց, որ երեկ Մամիկոն Խոջոյանին իրենց շտապօգնության մեքենայով տեղափոխել են հայրենի գյուղ: Նրա առողջական վիճակը լավ, ապաքինվել է: Խոջոյանների ընտանիքը իր շնորհակալությունն է հայտնել հիվանդանոցին՝ բուժման եւ տեղափոխման կապակցությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Մարտի 4-ին Ադրբեջանը նրան վերադարձրել է Հայաստանին: Նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաեւ բազմաթիվ վերքեր եւ սալջարդեր: Բոլոր վնասվածքները վկայում են, որ նրան գերության մեջ խոշտանգել են։ Մարտի 19-ին նրան բազկոսկրի վիրահատություն են արել: Նա պետք է դուրս գրվեր մարտի 31-ին, սակայն բժիշկները մի քանի օր եւս պահել էին՝ կարերը քանդելու նպատակով:




























