ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 164.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 170.1 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 107.2 և 90.5 տոկոսը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 22.6%-ով, ծախսերի գծով` 19.9%-ով: 2010 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 6 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 34.8 մլրդ դրամի դիմաց:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 17.4%-ով կամ 24.3 մլրդ դրամով: Ընդ որում, 19.6%-ով (25.1 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 9.4%-ով կամ 859.1 մլն դրամով` այլ եկամուտները: Միևնույն ժամանակ պաշտոնական դրամաշնորհների գծով մուտքերը նվազել են 68.2%-ով կամ 1.7 մլրդ դրամով:

Պետական բյուջեի եկամուտների 93.4%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.1%-ը` այլ եկամուտների, 0.5%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: