Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ դեմ կատարված մահափորձից: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ ապրիլի 3-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները պարզել են, որ ապրիլի 1-ին, ժամը 23.50-ի սահմաններում, 1971 թ. ծնված Աշոտ Ա.-ն Իջեւան քաղաքի սկզբնամասում գտնվող հյուրանոցային համալիրի մուտքի մոտ, սպանելու դիտավորությամբ, ձեռքին եղած ատրճանակից 3-4 կրակոց է արձակել նույն համալիրի սեփականատեր, 1965 թ. ծնված Անդրանիկ Խ.-ի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ գնդակները նպատակին չեն ծառայել, ինչից հետո Անդրանիկ Խ.-ն իրեն օրինական պատկանող «Սայգա-ՄԿ» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից ինքնապաշտպանական կրակոցներ է արձակել օդ եւ մուտքի բետոնե հենասյանը: Աշոտ Ա.-ն, իր հետ եկած տարբեր մակնիշի 5 ավտոմեքենաների եւ դեռեւս չպարզված ուղեւորների հետ միասին, դիմել է փախուստի:

Դեպքի վայրի զննության ժամանակ Անդրանիկ Խ.-ն ներկայացրել է 7.62 մմ տրամաչափի 4 եւ «ՏՏ» ատրճանակի 2 պարկուճ` հայտարարելով, որ 7.62 մմ տրամաչափի 4 պարկուճներն իր կողմից են արձակվել, իսկ «ՏՏ» ատրճանակի 2 պարկուճները` Աշոտ Ա.-ի կողմից:

Նույն օրը, ժամը17.00-ին, Անդրանիկ Խ.-ից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ կատարվածից հետո գտնվելով հոգեկան ծանր վիճակում` դեպքի մասին անմիջապես ոստիկանություն չի դիմել:

Շարունակելով օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումները` ապրիլի 4-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Երեւան քաղաքի Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի մի բնակարանից, սպանության փորձ կատարելու կասկածանքով, Աշոտ Ա.-ին բերման են ենթարկվել քրեական հետախուզության գլխավոր վարչության:

Նույն օրը ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողները նույն գործի շրջանակներում` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, խուզարկություն են կատարել Գետահովիտ գյուղի բնակիչ, 1946 թ. ծնված Յուրիկ Մ.-ի տանը, որի տանիքի մուտքից, ստվարաթղթե արկղի միջից, հայտնաբերվել եւ առգրավվել է «ՌԳԴ» տիպի 1 նռնակ` պայթուցիչով:

Նույն օրը, նույն միջոցառման շրջանակներում, ոստիկանության ծառայողները խուզարկություններ են կատարել նաեւ նույն գյուղի բնակիչներ, 1972 թ. ծված Արտակ Ղ.-ի, 1964 թ. ծնված Մասիս Ա.-ի եւ 1979 թ. ծնված Վահագն Ա.-ի տներում:

Արտակ Ղ.-ի տնից հայտնաբերվել է «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան, «Բայկալ» տիպի հրացան եւ 16 մմ տրամաչափի 8 փամփուշտ, Մասիս Ա.-ի տնից` «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի մեկփողանի ակոսավոր հրազեն, լուսացրող հրթիռանետ ատրճանակ եւ փաթաթված վիճակում կրակատար քուղ, իսկ Վահագն Ա.-ի տան մոտ կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից հայտնաբերվել է էլեկտրապարպիչ եւ ռետինե մահակ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ օրերս Իջեւանում մահափորձ է կատարվել տեղի գործարարներից մեկի դեմ: NEWS.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 1-ին գիշերը մի տղամարդ կրակոցներ է արձակել «Իջեւանատուն» հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ ուղղությամբ հենց համալիրի մուտքի մոտ: Ի պատասխան այս կրակոցների, սեփականատերը, որի անունը Անդրանիկ է, իր մոտ եղած որսորդական հրացանից կրակոցներ է արձակել, որից հետո իր ուղղությամբ կրակող տղամարդը դիմել է փախուստի: Գործի շրջանակներում ձերբակալվել է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, ով 43 տարեկան եւ բնակվում է Երեւանում: