Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը հեռակա կարգով դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Շոն Դեյլիի դեմ մահափորձ կազմակերպելու համար։

«Նախկին նախագահի եղբայր Ժանիբեկ Բակիեւն այս գործով դատապարտվել է ցմահ  ազատազրկման՝գույքի առգրավմամբ։ Պետության նախկին ղեկավարի ավագ որդի Մարատ Բակիեւը՝ 20 տարվա գաղութի՝ գույքի առգրավմամբ։ Կրտսեր որդի  Մաքսիմ Բակիեւը՝ ցմահ  ազատազրկման՝գույքի առգրավմամբ», - հայտարարել է Բիշքեկի դատարանի  ներկայացուցիչը։

Քննության տվյալով՝ 2005թ. Բակիեւների ընտանիքը որոշել էր տիրանալ Ղրղըզստանի Ջերույ հանքին, որն այդ ժամանակ պատկանում էր  Oxus Gold ընկերությանը, որի ղեկավարն էր  Մեծ Բրիտանիայի քաղաքացի Շոն Դեյլին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

«Դեյլիի վրա 2006թ.  6 կրակոց էր արձակվել 5,6 տրամաչափի ատրճանակից, սակայն ժամանակին ցուցաբերված բուժօգնության շնորհիվ նա ողջ էր մնացել», - հիշեցրել են դատարանում։

Նախագահ Բակիեւը պաշտոնանկ էր արվել  2010-ի ապրիլի հեղափոխության արդյունքում եւ անվտանգության նկատառումներով փախել երկրից։