Կիեւի հնարավոր հայցումը հանձնել Վիկտոր Յանուկովիչին ռուսական կողմը չի կարող բավարարել: Այդ մասին հաղորդել է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:

«Կիեւից Յանուկովիչին հանձնելու վերաբերյալ հարցման դեպքում, ամենայն հավանականությամբ, բացասական պատասխան կտրվի, քանի որ նա առաջվա պես դե յուրե Ուկրաինայի նախագահն է եւ չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել»,- ասել է գոոծակալության զրուցակիցը:

Բացի այդ, նշել է աղբյուրը, պաշտոնաթող եղած ուկրաինացի առաջնորդը կարող է քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանից, ինչը կարող է հիմք ծառայել նրան չհանձնելու համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը երկրի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ Ուկրաինայի Անվտանգության ծառայության նախկին նախագահ Ալեքսանդր Յակիմենկոյի ձերբակալության ու դատարան ներկայանալու մասին որոշում կայացրեց:

ՈւԱԾ ներկա ղեկավար Վալենտին Նալիվայչենկոյի խոսքով՝ Կիեւի կենտրոնում փետրվարի 18-20-ը ցուցարաների գնդակահարությունն իրականցվել է Յանուկովիչի անմիջական ղեկավարությամբ: