«Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր՝ ապրիլի 5-ին, նախատեսված արտահերթ նիստը չի կայանալու: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ՕԵԿ-ի նիստը չեղյալ է հայտարարվել: Արթուր Բաղդասարյանը ապրիլի 7-9 մեկնում է Ռուսաստանի Դաշնություն: Նախատեսված են հանդիպումներ ՌԴ անվտանգության խորհրդի քարտողարի, փոխվարչապետի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյանների հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում ապրիլի 5-ին, արտահերթ նիստ է հրավիրվել: Մեր տեղեկություններով՝ հրավիրվել է քաղխորհրդի նիստ, որի ժամանակ կքննարկեն Կառավարության հրաժարականին առնչվող հարցեր, դրանից հետո ստեղծված իրավիճակ: Իսկ երեկ երեկոյան Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Ի դեպ, ՕԵԿ-ը հրաժարական տված Կառավարությունում ունի 3 ներկայացուցիչ՝ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը եւ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Հետաքրքիր է՝ ձեւավորվելիք նոր կառավարությունում ՕԵԿ-ը կպահի իր պորտֆելները, թե ոչ:



























