ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները օրերս մի շարք ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, նրանց դիտակետում հայտնվել են կոշիկի ապօրինի միանգամից երկու արտադրամասեր: Մի դեպքում ապօրինի ձեռնարկատիրությունը ծավալվել էր Կոտայքի Ջրվեժ գյուղում, որտեղ Սամվել Մկրտչյանին պատկանող արտադրամասում արտադրվել են տղամարդու կոշիկներ, որոնք հետագայում իրացվել են Նոր-Նորքի տոնավաճառի հարակից տարածքում: Ապօրինի գործունեությունը կասեցվել է: Հայտնաբերված մյուս արտադրամասը գործել է մայրաքաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասում. օպերատիվ խմբի այցելությամբ հիմնավորվել է, որ բնակելի շենքի տանիքին կառուցված ձեղնահարկում, իրոք, կոշիկի ապօրինի արտադրություն է ծավալել թաղամասի բնակիչ Վահրամ Գրիգորյանը: Ընդ որում, կոշիկները պիտակավորվել են հայտնի բրենդների` «Gucci», «Baldinini» անուններով: Պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկվում է:

Իսկ Խորհրդայինի բաժնի աշխատակիցների ուշադրությունից չի վրիպել նաև այլ ապօրինի արտադրամաս, որտեղ մայրաքաղաքի բնակիչ Դավիթ Գևորգյանը զբաղվել է սպիտակեցնող հեղուկի շշալցմամբ` առանց հարկային մարմիններում հաշվառվելու: Նա հասցրել է հարկային դաշտից դուրս ձեռնարկատիրական գործունեություն ծավալել ընդամենը 20 օր: Ապօրինի գործունեությունը կասեցվել է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հումքի և նյութերի ձեռք բերման աղբյուրները, ինչպես նաև իրացման վայրերը պարզելու ուղղությամբ:

ՕՀՎ մյուս բացահայտման արդյունքում էլ դադարեցվել է պլաստմասե վերամշակման արտադրամաս: Առանց պետական գրանցման ձեռնարկատիրությունը ծավալել էր մայրաքաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի բնակիչ Համլետ Պողոսյանը, ով նախ տարբեր վայրերից հավաքել է թափոններ, ապա վերամշակումից ստացել երկրորդային հումք:

Միանգամից մի քանի բացահայտում է գրանցվել ՕՀՎ Կոտայքի բաժնում: Հայտնաբերվել է կահույքի ապօրինի արտադրամաս` Աբովյանում, առանց հպման ավտոլվացման կետ և մթերային խանութ` Առինջում: Իրացման ծավալները ճշտելու նպատակով իրականացվում են ստուգումներ:

Բացահայտվել են նաև այն ձեռնարկատերերը, ովքեր գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն էին ներկայացրել հարկային մարմիններին, բայց գործունեությունը չեն դադարեցրել: Մի դեպքում խոսքը մանրածախ առևտրի, մյուս դեպքում` եվրոդռների և պատուհանների արտադրության ու վաճառքի մասին է: Նրանց վերաբերյալ նյութերն ուղարկվել են տարածքային հարկային տեսչություն` լրացուցիչ հարկային պարտավորություններ հաշվարկելու նպատակով: