Քանի դեռ Թուրքիայի ղեկավարությունը պաշտոնապես չի հրաժարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից, նրան հնարավոր է «կարելի բանակցող» համարել։ Նման հայտարարությամբ ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնդես եկավ Հանրապետական կուսակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։
Նրա խոսքով, Թուրքիան , Կիպրոսի նախագահի որակմամբ, «անկարելի բանակցող» կդառնա միայն այն ժամանակ, երբ հրաժարվի բանակցային գործընթացից. «Երբ այդ երկիրը պաշտոնապես կհայտարարի հայ-թուրքական բանակցային գործընթացից դուրս գալու մասին, մենք նրան անկարելի բանակցող կհամարենք, իսկ թուրքերն առայժմ նման բան չեն հայտարարել»,- նկատեց ՀՀԿ պատգամավորը՝ ավելացնելով, որ այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Հայաստանը սպասում է թուրքական կողմի հետագա քայլերին. «Միայ այդ դեպքում պարզ կդառնա՝ հե՞տ ենք վերցնում մեր ստորագրությունները, թե ոչ»,- ասաց ԱԺ պատգամավորը։
Ավետիսյանի խոսքով, հայ-թուրքական արձանագրություններն առժամանակ կասեցնելու մասին իր հայտարարությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս հասկացնել տվեց Թուրքիային, որ Հայաստանը այդ երկրի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում որեւէ զիջման չի գնալու, եւ որ Թուրքիան իրավունք չունի խառնվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: «Այս ամենով հանդերձ հայ-թուրքական գործընթացի դադարեցումը պայմանավորված չէ թուրքական կողմից առաջ քաշված նախապայմաններով. դրանց կասեցման պատճառը ողջամիտ ժամկետների ավարտն է»,- շեշետեց Ավետիսյանը՝ միեւնույն ժամանակ ավելացնելով, որ եթե Թուրքիան համաձայնի վերսկսել գործընթացը, Հայաստանի խորհրդարանը հայ-թուրքական արձանագրությունները կքննարկի նույն տեսքով, ինչ տեսքով որ դրանք կան։




























