Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձարարությամբ Բնապահպանական պետական տեսչության Երեւանի բաժնի աշխատակիցները երեկ՝ ապրիլի 29-ին, այցելել են մայրաքաղաքի Խանջյան 27 հասցե, որտեղ ապօրինի ծառահատում է իրականացվել։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ՀՀ Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները տեղում պարզել են, որ հատվել է թեղի տեսակի 4 ծառ։ Ծառահատումն իրականացրել է «Լեւոն Ամիրխանյան» շինարարական ընկերության աշխատակից Էդգար Մարկոսյանը, ում նկատմամբ 50 հազար դրամի չափով վարչական տույժ է կիրառվել։ Բնությանը պատճառված վնասի չափը կազմել է 380 հազար դրամ. «Պետբյուջե մուծվել է ընդհանուր առմամբ 420 հազար դրամ գումար»,- հստակեցրեցին նախարարության մամուլի ծառայությունից՝ միեւնույն ժամանակ նշելով, որ իրենք տեղյակ չեն, թե տվյալ տարածքում հատկապես ի՞նչ շինություն է կառուցվում. «Թույլտվությունը „Լեւոն Ամիրխանյան“ շինարարական ընկերությանը տրամադրել է Երեւանի քաղաքապետարանը» ,- տեղեկացրեցին Բնապահպանության նախարարությունում՝ ավելացնելով, որ ձեռք բերված բանավոր պայմանավորվածության հիման վրա վերոնշյալ ընկերությունը խոստացել է շինարարության ավարտից հետո նշված տարածքում սեփական միջոցներով կանաչապատում եւ ծառատունկ կազմակերպել։




























