Հայ գիտնականների 161 նախագծերի մշակման համար 38 մլն դոլար է հատկացվել, որոնցից սակայն ոչ մեկը կիրառություն չի գտել Հայաստանում։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի Հայկական տարածաշրջանային բաժանմունքի տնօրեն Համլետ Նավասարդյանը՝ ավելացնելով, որ այդ նախագծերի մշակման համար գումարը իրենց կենտրոնի միջոցով հատկացրել է Եվրամիությունը, Ամերիկայի, Ճապոնիայի եւ այլ երկրների կառավարությունները։

Ըստ Նավասարդյանի՝ նախագծերի կիրառման բացակայությունը հիմնականում պայմանավորված է մրցակցային միջավայրի բացակայությամբ։

«Մենաշնորհի պատճառով հաճախ մշակված նախագծերը կիրառություն չեն գտնում բիզնեսում, քանի որ մենաշնորհային ընկերությունները ոչ մի շահագրգռություն չունեն դրանք ներդնելու իրենց բիզնեսում»,- ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ միայն մրցակցային շուկան է, որ կարող է ստիպել գործարարներին ներդնել նոր տեխնոլոգիաներ:

Նավասարդյանի խոսքով՝ նախագծերի մշակման համար ֆինանսավորումը կշարունակվի, քանի որ նոր մշակումների կիրառումը ժամանակ է պահանջում։ «Եթե ոչ այսօր, ապա հետագայում դրանք կկիրառվեն»,- ասաց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի Հայկական տարածաշրջանային բաժանմունքի տնօրենը՝ չնշելով կոնկրետ ժամկետներ։

Հաշվի առնելով, որ 15 տարվա ընթացքում գիտնականների կողմից մշակված 161 նախագծերը դեռեւս չեն կիրառվել, հետաքրքիր է, թե որքանո՞վ դրանք արդիական կլինեն եւս մի քանի տարի անց։