Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ կապված մարտի 1-ի զոհերից, զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների հետ: Այնտեղ մասնավորապես ասված է. «Փաստահավաք խումբը հուլիսի 29-ին հրապարակել է իր նոր, թվով երրորդ զեկույցը, որը պարունակում է ոստիկանական զորքերի զինվոր Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների փորձագիտական ուսումնասիրումը: Զեկույցը պարունակում է անհերքելի փաստեր այն մասին, որ Տիգրան Աբգարյանը նախ դաժանաբար ծեծվել է, իսկ հետո գնդակահարվել է ավտոմատ զենքի ընդհուպ կրակահերթով: Հրապարակված փաստերը եւ մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հատուկ քննչական ծառայությունը դիտավորյալ կեղծել է իրեղեն ապացույցները եւ կոծկել իրողությունը՝ հիմնավորելու համար իշխանությունների կողմից հորինված այն վարկածը, թե, իբր, ցուցարարները մարտի 1-ին հրազեն են կիրառել եւ նրանց հեռահար կրակոցից է զոհվել ոստիկանության զինվորը: Նաեւ մամուլում բազմաթիվ փաստարկված հրապարակումներ եղան, որոնք ապապցուցում են, որ իրականում Տիգրան Աբգարյանը գնդակահարվել է իր հրամանատարներից մեկի կողմից»:

Հիշեցնելով Փաստահավաք խմբի առաջին զեկույցը, որտեղ նշվում է, որ մարտի 1-ի մեկ այլ զոհ` կապիտան Համլետ Թադեւոսյանը մահացել է իր մոտ եղած նռնակի պայթյունից, ՀԱԿ-ը նշում է. «փաստահավաք խմբի հրապարակած փաստերը եւ ուսումնասիրությունները վկայում են, որ ոստիկանության կողմից սպանվածները նույնպես զոհվել են ռեժիմի ապօրինի գործողությունների պատճառով»:

«Այն, ինչ ի սկզբանե ակնհայտ էր, եւ ինչի մասին Կոնգրեսը բազմիցս հայտարարել է, այսօր ապացուցվում է անառարկելի փաստերով. մարտի 1-ին տեղի է ունեցել սառնասրտորեն հաշվարկված դիտավորյալ սպանդ, որը կազմակերպվել է իշխող վարչախմբի կողմից եւ հետապնդել է մեկ նպատակ. սեփական ժողովդի մեջ վախի մթնոլորտի արմատավորմամբ եւ ժողովրդավարական ազատությունների սահամանփակամամբ պահպանել իշխանույթունը, որի օրինականությունը վիճարկվում էր համաժողովրդական բողոքների միջոցով»:

Դրանից զատ, նշվում է, որ «դատախազությանը, քննչական մարմիններին եւ դատական ատյաններին տրված ապօրինի հրահանգներով վարչախումբը նրանց պարտադրել է քրեորեն հետապդելի արարքներ կատարել. այն է՝ պաշտոնեական կեղծիք, ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական անգործություն, մեղադրանքի կեղծ ապացույցների ստեղծում, ինչի պատճառով ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչներ հանիրավի մեղադրվեցին եւ դատապարտվեցին չգործած հանցանքների համար, մինչդեռ իրական հանցագործները մինչեւ հիմա անպատիժ են մնացել»:

ՀԱԿ-ը հայտարարում է, որ «Հայաստանում օրինական իշխանության պայմաններում դատական կարգով պատասխան են տալու ինչպես հանցավոր ու ապօրինի հրամաններ տվողները, այնպես էլ դրանց կատարողները»: