Մայիսի 6-ին Մեծ Բրիտանիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում այս տարի առաջին անգամ պատգամավորական մանդատների համար պայքարում են առնվազն 3 հայազգի թեկնածուներ։ Դրանք են Հրաչ Քութարջյան, Քեթերինա Առաքելյան, Հաթթի Աջդերյան, որոնք բոլորն էլ ներկայացված են իշխող Լեյբորիստական կուսակցությունից։
Նշենք, որ ընտրությունները Մեծ Բրիտանիայում անցկացվում են 4 տարին մեկ, երբ ընտրվում են 650 պատգամավորներ։ Խորհրդարանական մանդատների համար պայքարում են երեք հիմնական կուսակցությունները` Լեյբորիստները, Պահպանողականներն ու Լիբերալ-դեմոկրատները:
Հայ թեկնածուներից Քեթրին Առաքելյանը արդեն 8 տարի լեյբորիստական կուսակցության անդամ է, եւ այս տարի առաջին անգամ նրան հնարավորություն է տրվել փորձել ուժերը խորհրդարանական ընտրապայքարում: Նրա ուշադրության կենտրոնում հատկապես տարեցներին վերաբերող հարցերն են։
«Ցավոք, ես մի տարածքում եմ առաջադրվել, որը մշտապես պահպանողական է եղել: Բայց իհարկե, ոչինչ անհնար չէ՝ եթե հավատաս», — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է նա ու հավելել. «Ամեն դեպքում, սա երկար ճանապարհի սկիզբն է միայն։ Ենթադրում եմ, որ 5 տարի հետո դարձյալ կմասնակցեմ ընտրություններին, եւս 5 տարի հետո` երրորդին: Նույնիսկ եթե 15 տարի տեւի, ես ուրախ եմ սկսել այս ճանապարհը: Ու հաջորդ անգամ երեւի իմ հնարավորություններն ավելի մեծ կլինեն»:
Քեթրինը վերջերս է սկսել հայերեն սովորել, Հայաստանում չի եղել ու Հայաստանի քաղաքական-տնտեսական վիճակի մասին քիչ բան գիտի, սակայն հույս ունի, որ մի օր հայ-թուրքական սահմանը կբացվի եւ ինքը կկարողանա մեքենայով ազատ գալ Հայաստան։ Նրա մորական պապը Արեւմտյան Հայաստանից է: «Առաքելյան ազգանունը իրականում կորսված էր: Երբ իմ նախնիները Ստամբուլից փախան 1915-ին, նրանք այստեղ հասան մի նավի մեջ թաքնված, եւ Անգլիայում ապրելու համար հրաժարվեցին իրենց հայկական ազգանուններից: Երբ ես 22 տարեկան էի, որոշեցի հորս բրիտանական ազգանունը փոխարինել մորս իրական հայկական ազգանվամբ», — պատմել է Քեթրին Առաքելյանը։ Հաղորդում է «Ազատությունը»:




























