Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հերթական նիստին քննարկվել են 1915 թվականի իրադարձություններին առնչվող հարցեր։

Ազգային անվտանգության խորհրդի նիստը տեւել է 6.5 ժամ։ Դրան մասնակցել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը եւ այլ պաշտոնյաներ:

Նիստից հետո տարածած հայտարարության մեջ նշվել է, որ նիստի ընթացքում քննարկվել են ընդդեմ ահաբեկչության` Թուրքիա-Իրաք-ԱՄՆ եռյակի համագործակցության հնարավորությանը (PKK-ի դեմ), Կիպրոսի թուրքական հատվածում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության ապահովման խնդիրներին, ինչպես նաեւ 1915-ի իրադարձությունների վերաբերյալ տարբեր երկրների կողմից ընդունված օրինագծերին եւ այդ ուղղությամբ այսուհետ կատարելիք աշխատանքներին վերաբերող հարցեր: Հայտարարության մեջ նշվել է, որ հայ եւ թուրք ժողովուրդների համատեղ պատմության ուսումնասիրմանը պետք է ցուցաբերվի անկողմնակալ եւ գիտական մոտեցում:

Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը նիստից հետո նշել է, որ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները շարունակելու են մնալ Թուրքիայի օրակարգում: