ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել ամերիկյան կառավարությանը` չեչեն գրոհայինների ղեկավար Դոկու Ումարովի գլխավորած խմբավորումը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի նախագահ Էլսի Հասթինգսը համապատասխան բանաձեւ է պատրաստել, որտեղ Ումարովի խմբավորումը ներկայացվում է որպես «Կովկասի էմիրաթ»:

Այդտեղ նշվում է, որ նա «ձգտում է թալիբների նմանությամբ ստեղծել իսլամիստական պետություն Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներում»: Բացի այդ, Հասթինգսի կարծիքով, Ումարովը եւ նրա մարդիկ ջիհադ են հայտարարել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Իսրայելին եւ բոլոր այն երկրներին, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ:

Հիշեցնենք, որ Դոկու Ումարովը ներկայումս չեչեն ահաբեկիչների ղեկավարն է: