Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը՝ պետական կառույցներում կադրային կրճատումներ անցկացնելու վերաբերյալ որոշակի քաղաքական արձագանքներ է ունեցել:
Որան էլ տարօրինակ է, կառավարության տվյալ նախաձեռնությանը կողմ են արտահայտվել «Ժառանգություն» եւ ՀՅԴաշնակցություն կուսակցությունները:
Ինչպես ճեպազրույցում հայտնել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, պետական բյուրոկրատական ապարատը չափից դուրս ուռճացված է, եւ այդ իմաստով նախաձեռնությունը արդարացված է: «Բայց մյուս կողմից, իհարկե, գոյություն ունի վտանգ, որ այդ կրճատումների արդյունքում կտուժեն լավ կադրեր, այլ ոչ թե նրանք, ում համար արհեստականորեն տեղեր են ստեղծվել»,- ասել է խորհրդարանականը:
Իր հերթին «Դաշնակցություն» կուսակցության խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը արդարացված է համարել նախաձեռնությունը՝ քանի որ կադրերի կրճատումը կհանգեցնի աշխատավարձերի բարձրացման, որակյալ կադրերի արտահոսքի նվազման:
Կառավարության նախաձեռնությանը, բնականաբար կողմ են արտահայտվել Հանրապետական կուսակցությունում: Պատգամավոր Արտակ Զաքարյանը չի բացառել անցանկալի ռիսկերը՝ ընդգծելով, որ ամեն մի բարեփոխում որոշակի ռիսկեր է պարունակում:
ՕԵԿ խմբակցության ղեկավար հեղինե Բիշարյանը սակայն նշել է. «Եսչեմ կարծում, թե որքանով է նպատակային կրճատումը ճգնաժամի պայմաններում եւ ինչ հետեւանքներ կարող է ունենալ»:
Նշենք, որ ըստ վարչապետի նախաձեռնության, կրճատման դեպքում մնացած միջոցները կուղղվեն մյուսներին պարգեւատրելուն:




























