Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն հունիսին կհանդիպի հայաստանյան եւ ադրբեջանական պատվիրակությունների անդամների հետ: այդ մասին, ինչպես հաղորդում է NEWS.am-ի սեփական թղթակիցը Ստրասբուրգից, Չավուշօցլուն հայտարարել է ԵԽԽՎ Բյուրոյի նիստից հետո՝ ապրիլի 30-ին:
«Այս շաբաթ ես հանդիպել եմ հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների հետ: Հունիսին կայանալիք հանդիպմանը կմասնակցեն նաեւ ընդդիմության մեկական ներկայացուցիչ ամեն կողմից: Այն ժամանակ է կորոշենք՝ ինչ անել: Ես այդ մասին հայտարարել եմ Վեհաժողովի բյուրոյի նիստում, որը աջակցել է այդ դիրքորոշմանը»,- նկատել է նա:
Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի ենթահանձնաժողովի ստեղծման մանրամասները կքննարկվեն հունիսին:
Ավելի վաղ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, մեկնաբանելով Ճավուշօցլուի ցանկությունը՝ գլխավորել ենթահանձնաժողովը, ասել էր, թե ստեղծման հարցը գտնվում է խորհրդակցությունների փուլում, գործընթացը շարունակվում է:
«Ինչ վերաբերում է դրա ղեկավարին, այդ հարցին մենք կվերադառնանք ավելի ուշ փուլում, երբ քննարկման արդյունքում կգանք ընդհանուր հայտարարի, թե ինչպես ենք պատկերացնում հետագա համագործակցությունը»,- ասել էր նա:




























