Կիրակի ուշ երեկոյան Ուկրաինայի ճգնաժամին նվիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի արտակարգ նիստի ժամանակ Ռուսաստանի հասցեին կրկին քննադատություն է հնչել, հայտնում է ԱՄՆ-ում NEWS.am –ի թղթակիցը: Քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Օսկար Ֆերնանդես Տարանկոն մեղադրել է Ռուսաստանին` Ուկրաինայում ճգնաժամը խորացնելու մեջ:
Հերքելով բոլոր մեղադրանքները` ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը համաձայնել է, որ պետք է կանխել հիմնախնդրի հետագա սրացումը: «Հենց Արեւմուտքն է որոշելու` հնարավոր կլինի արդյոք խուսափել քաղաքացիական պատերազմից Ուկրաինայում», - հավելել է Չուրկինը` կոչ անելով ազգային երկխոսություն սկսել:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանտա Փաուերը Ռուսաստանին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու եւ անկայունություն հրահրելու մեջ: Փաուերն ընդգծել է, որ Ուկրաինայում անկայունությունը «ծրագրված եւ ղեկավարված է եղել Ռուսաստանի կողմից»: Ըստ նրա` Սլավյանսկում հարձակումները կատարվել էին բարձր պրոֆեսիոնալիզմով եւ համաձայնեցված` Ռուսաստանի` Ղրիմ ներխուժելու համաբանությամբ: Փաուերը հավելել է, որ Ուկրաինայի վերջին իրադարձությունները վկայում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերահսկել Արեւելյան Ուկրաինան: Փաուերն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան շարունակի միջամտել Ուկրաինայի գործերին:




























