Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Արեւելյան Ուկրաինայում Ռուսաստանն օգտագործում է նույն մարտավարությունը, ինչը որ օգտագործում էր Ղրիմում` անջատականություն հրահրելու, Ուկրաինայի ինքնիշխանությունը խափանելու եւ իր հարեւանին վերահսկելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարությունում:

Ուկրաինայի իշխանությունը հայտնել էր, որ ռուսաստանցի հետախույզներն անմիջական մասնակցություն ունեն Արեւելյան Ուկրաինայում ռուսամետ զինված ընդդիմադիր խմբավորումների կազմակերպած գործողություններում, ասվում է փաստաթղթում, հայտնում է ՈՒՆՆ-ն:

«Բացի դրանից, Ուկրաինայի իշխանությոնները ձերբակալել են մի քաղաքացու,  որի խոսքով` ինքը պատրաստվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից, եւ իրեն հանձնարարել են սադրիչ գործունեություն ծավալել Արեւելյան եւ Հարավային Ուկրաինայում, այդ թվում նաեւ զավթել  վարչական շենքերը: Այս բոլոր ապացույցները խափանում են Ռուսաստանի այն նկրտումները, որ Ուկրաինան «քաղաքացիական պատերազմի» շեմին է», - նշել են Պետդեպում:

ԱՄՆ-ում նշել են, որ այդ սադրանքների դիմաց Ուկրաինայի օրինական կառավարությունը Կիեւում շարունակում է զսպվածություն դրսեւորել եւ ուժ է գործադրել միայն, երբ հասարակական անվտանգությունը սպառնալիքի տակ էր, եւ երկխոսոթյան ճանապարհով իրավիճակը կարգավորելու փորձերն ապարդյուն էին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում հակաահաբեկչական հատուկ գործողություն էին հայտարարել` «երկրում իրավիճակը կարգավորելու , ծայրահեղական տրամադրված անձանց կողմից անջատականության դրսեւորումները հաղթահարելու եւ վարչական շենքերը զավթելը կանխելու նպատակով»: Հատուկ ուշադրություն է դարձվում Դոնեցկին, Լուգանսկին եւ Խարկովին: