Բուլղարիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Դրագոմիր Ստոյնեւը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսքը» կարող է ԵՄ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունների զոհը դառնալ, հայտնում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Նախարարը հերթական անգամ ընդգծել է «Հարավային հոսք» գազատարի առաջնահերթ նշանակությունը Բուլղարիայի համար եւ հայտնել, որ նախագծին աջակցում են նաեւ այլ երիկրներ, որոնցով պետք է անցնի գազատարը` Իտալիան, Ավստրիան, Հունգարիան, Սլովենիան, Խորվաթիան, Հունաստանը:
Ստոյնեւը նշել է, որ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյուտներ Էթինգերը «պետք է հաշվի առնի ԵՄ անդամ երկրների կարծիքը»:
«Եթե ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանի դեմ իրական պատժամիջոցներ կիրառել, ապա թող դադարեցնի «Հյուսիսային հոսքով» մատակարարումները: Տեսնենք` կհամաձայնեն արդյոք հարուստ երկրները դրան»,- առաջարկել է նախարարը:
Նա հավելել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները չպետք է երկրները բաժանեն խիստ տուժածների եւ նվազ տուժածների: «Մենք խոսում ենք համերաշխության մասին: Եվ ինչպես գոյություն ունի «Հյուսիսային հոսքը», այնպես էլ պետք է գոյություն ունենա «Հարավային հոսքը»,- ընդգծել է Ստոյնեւը:




























