ԱՄՆ-ի Պետդեպը հրապարակել է Ուկրաինայի մասին Ռուսաստանի տարածած ստահոդ 10 հայտարարությունները, որոնք, ըստ ամերիկյան կողմի, չեն համապատասխանում իրականությանը:

Առաջինն այն է, որ ռուսական գործակալներն ակտիվ չեն Ուկրաինայում, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Պետդեպը հիշեցնում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի հատուկ ծառայությունները տասնյակից ավելի գործակալների են կալանավորել, որոնցից շատերը զինված էին:

ԱՄՆ-ում սուտ են համարում նաեւ այն փաստը, որ Արեւելքում բողոքի մասնակիցները բացառապես Ուկրաինայի քաղաքացիներ են, ինչպես նաեւ անջատողականների առաջնորդների խիստ ժողովրդականություն վայելելու մասին լուրերը:

ԱՄՆ-ն ոչ հավաստի է համարում նաեւ այն պնդումը, թե արեւելյան մարզերում իրավիճակը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Ըստ Պետդեպի՝ իրավիճակը հրահրում են ռուսները: ԱՄՆ-ում նշում են, որ 35-40 հազար ռուսաստանցի զինվոր է գտնվում Ուկրաինայի սահմանին՝ ի հավելումն Ղրիմի 25 հազարին:

Բացահայտ սուտ պնդումներից Պետդեպը թվարկում է. Դոնեցկի բնակիչները կտրականապես ժխտում են Կիեւի իշխանությունների լեգիտիմությունը, էթնիկ ռուսները Ուկրաինայում սպառնալիք են զգում:

International Republic Institute-ի ապրիլի 5-ին անցկացրած սոցհարցման տվյալով՝ Ուկրաինայի արեւելյան եւ հարավային մարզերի ռուսալեզու բնակչության 74 տոկոսը հայտնել է, որ «լեզվի համար ճնշման կամ սպառնալիքների չի ենթարկվում»:

Միեւնույն ժամանակ, Ղրիմում ԵԱՀԿ-ն հրատապ հարց է բարձրացնում փոքրամասնությունների անվտանգության կապակցությամբ` հատկապես բնիկ ուկրաինացիների, Ղրիմի թաթարների եւ այլոց: Ցավոք, էթնիկ ռուսները, որոնց ամենից շատ է վտանգ սպառնում,  Ռուսաստանում ապրողներն են եւ նրանք, ովքեր դեմ են Պուտինի բռնապետական ռեժիմին: Այդ ռուսները մշտապես հարվածի տակ են եւ բախվում են տարիներով բանտարկվելու վտանգին այն բանի համար, որ դեմ են արտահայտվում Պուտինին: 

ԱՄՆ-ում հերքում են նաեւ Մոսկվայի եւս մեկ սուտն առ այն, որ Ուկրաինայի կառավարությունը ղեկավարում են ֆաշիստները եւ ծայրահեղականները, էթնիկ փոքրամասնությունները ճնշվում են «ֆաշիստական կառավարության» կողմից, իսկ Ռուսաստանը չի օգտագործում էներգամատակարարումները եւ առեւտրային սահմանափակոմները` որպես Ուկրաինայի դեմ զենք:

Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո` անցած երկու շաբաթներին, Ռուսաստանը Ուկրաինայի համար գազի սակագինը 80 տոկոսով բարձրացրել է: Ռուսաստանը նաեւ պահանջում է 11 միլիարդ դոլար պարտքը` 2010թ. խարկովյան համաձայնագրերը չեղյալ հայտարարելուց հետո: 

Ռուսաստանի գործողությունները սպառնում են  բազմապատկել Ուկրաինայի քաղաքացիների եւ գործարարների տնտեսական չարչարանքները: Ռուսաստանը շարունակում է սահմանափակել Ռուսաստան ուկրաինական արտահանումը, ասվում է Պետդեպի հաղորդագրությունում: