Կարեւորն անձը չի, կարեւորն այն ծրագիրն է, որը ներկայացվելու է: Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու մասին այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Բազմիցս նշել ենք, որ անձով չի պայմանավորված պետության մեջ համակարգային եւ արմատական փոփոխությունները: Երբ Հովիկ Աբրահամյանը կներկայացնի իր ծրագիրը, այդ ժամանակ էլ մեր կարծիքը կասենք»,- ասաց նա:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Հայ Յեղափոխական դաշնակցության՝ կոալիցիա մտնելու մասին պատգամավորը ոչինչ չգիտի, սակայն մի բան հստակ է՝ «Ժառանգությունը» կոալիցիա չի մտնելու:
Հարցին, թե նոր վարչապետն արդեն հայտնի է, ինչ է պատրաստվում քառյակն անել, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Քառյակը կհավաքվի, կքննարկի, հետո արդեն մեր դիրքորոշումը կհայտնենք»:
Թե երբ կլինի քառյակի առաջիկա հանդիպումը, «Ժառանգության» ղեկավարը չգիտի:
Նշենք, որ ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է Աբրահամյանի նշանակման հրամանագիրը: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ իրենք շարունակում են բանակցությունները ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ:




























