Ազգային ժողովի պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հնարավոր է նշանակվի Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պաշտոնին՝ փոխարինելով Վաչե Գաբրիելյանին: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Հարությունյանն ասաց, որ այս պահին նման հարց չի քննարկվել: «Գործադիր իշխանություն գնում են որոշակի առաքելությամբ, եթե լինի որեւէ առաջարկություն, ես իհարկե կմտածեմ»,- ասաց պատգամավորը:

Իսկ թե գործադիրում ինչ պաշտոնի նա կգնա՝ փոխնախարար, նախարար, աշխատակազմի ղեկավար-նախարար, Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ փոխնախարար չի գնա: Նա շեշտեց, որ որեւէ պաշտոնի գնալը չի կարող ինքնանպատակ լինել եւ խնդիրը ամենեւին էլ պաշտոնը չէ, այլ թե ինչ խնդիրներ են դրվում, ծրագրի ինչպիսի հատված է դրվում տվյալ անձնավորության վրա: Դավիթ Հարությունյանն ասաց, որ եթե առաջարկ լինի եւ ինքը զգա, որ կկարողանա իր ուժերը օգտագործել գործադիրում, ապա կգնա:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am