Հովիկ Աբրահամյանը նշանակվել է, որպեսզի ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «ձեռքն ու ոտքը» կապեն: Այս մասին այսօր` ապրիլի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Որոշակի առումով լավ է, որ Հովիկ Աբրահամյանն է: Ինքս մտավախություն ունեի, որ կարող է ոչ Հայաստանից մեկը կլինի, սակայն այսպես չեղավ: Հովիկ Աբրահամյանի նշանակումով համակարգն ամբողջականացվեց: Բացի դրանից իշխանություններն այս կերպ Գագիկ Ծառուկյանի «ձեռքն ու ոտքը» կապեցին»,- ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով` այլեւս ոչ մեկը դրական փոփոխության ակնկալիք չպետք է ունենա: «Եթե Տիգրան Սարգսյանը գոնե հրապարակային բարփոխումների մասին էր խոսում, ապա Աբրահամյանից նման բան սպասել պետք չէ»,- ավելացրեց նա:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ, խոսելով Հովիկ Աբրահամյանի նշանակման մասին, նախ եւ առաջ հիշատակում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «լինելու է մեկը, ով կլինի բոլորի սրտով»:

«Եթե բոլոր ասելով նկատի ուներ ընդդիմությանը, ապա Հովիկ Աբրահամյանը ընդդիմության սրտով չէր: Եթե բոլորի մեջ մտնում են հասարակությունն ու  Եվրամիությունը, ապա նրանք էլ հաստատ բոլորի մեջ չեն մտնում: Հիմա ասեմ, թե ովքեր են այդ «բոլորը»: Բոլորի մեջ տեղավորվում է Ռուսաստանը, որովհետեւ Ռուսաստանն  ունի այնպիսի լծակներ մեզ վրա, որ անձը կարեւոր չէ. Ով էլ լիներ, լինելու էր Ռուսաստանի ցանկությամբ: Բոլորի մեջ է մտնում այլընտրանքային ուժը, որի մեջ ոչ միայն ԲՀԿ-ն մտնում, նաեւ այն ուժերը, որոնք բարձրացնում են կառավարության հրաժարականի կամ նույնիսկ պահանջում են ամբողջական իշխանափոխությունը: Բոլորի մեջ մտնում է օլիգարխիկ համակարգը, որը ցնցումներ չի սիրում եւ ցանկանում է որոշումներ կայացնելը պահի իր ձեռքում»,- ասաց նա:

Նշենք, որ ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է Աբրահամյանի նշանակման հրամանագիրը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am