Բացարձակ կապ չունի, թե Հովիկ Աբրահամյանն ինչ բարեկամական կապեր ունի, կամ ինչ ծրագիր է ներկայացնելու: Այս մասին այսօր` ապրիլի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխանախագահ Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե կառավարության ձեւավորման մեջ բարեկամ-խնամի-ծանոթ համակարգը չի գործի:
«Բարեկամ, խնամի, ծանոթ, ընդհանրապես կապ չունի: Հովիկ Աբրահամյանը համակարգի ամենակարկառուն ներկայացուցիչն է, որը շատ լավ ընտրություններ էր կեղծում: Այնպես որ կարեւոր չէ Հովիկ Աբրահամյանի շրջապատը, կարեւորն այն է, թե ինչի համար է նա եկել վարչապետ: Նախ եւ առաջ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի «ձեռքն ու ոտքը» կապելու համար է»,- ասաց նա:
Լրագրողների հարցին` հնարավոր է ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն մտնեն կոալիցիայի մեջ, Արմեն Մարտիրոսյանը նշեց. «ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ կոալիցիա չի մտնում, իսկ ՀՅԴ-ի դեպքում պետք է սպասել: Ինչ վերաբերվում է քառյակին, ապա ես կարծում եմ, որ քառյակը պետք է այնպես անի, որ կառավարության ծրագիրը չընդունվի եւ լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եթե չորս ուժերը միասին գործեն, շատ լավ, թե ոչ «Ժառանգության» դիրքորոշումը հստակ է: Մենք կողմ ենք ամբողջական իշխանափոխության»:
Կուսակցության փոխնախագահի խոսքով` եթե քառյակը լինի պասիվ, ապա 2017թ.-ին Հայաստանը կունենա ընդամենը 1.5 մլն բնակչություն, վարչապետ կլինի Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է Աբրահամյանի նշանակման հրամանագիրը: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ իրենք շարունակում են բանակցությունները ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























