ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանն ապրիլի 11-ին խմբակցություն է ներկայացրել պատգամավորական բլանկի վրա գրված դիմում, որով խնդրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին դադարեցնել իր պատգամավորական լիազորությունները:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը չգիտի, թե ինչպիսի բովանդակության դիմում է Դավիթ Քոչարյանը ներկայացրել ԱԺ նախագահին, բայց ապրիլի 11-ին, նա խմբակցություն է ներկայացրել պատգամավորական բլանկի վրա գրված դիմում, որի վրա նշված է եղել, որ խնդրում է դադարեցնել իր լիազորությունները:
«Քանի որ ես այստեղ չէի եւ պարոն Ծառուկյանը եւս այստեղ չէր, այժմ պատրաստվում ենք խոսել իր հետ՝ հասկանալու պատճառները»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ տեղեկացնելով որ Դավիթ Քոչարյանը Հայաստանում չէ:
Ավելի վաղ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը NEWS.am-ին հայտնել էր, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը ԱԺ նախագահին դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու համար: Նշենք, որ նա մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Հրազդանի տարածաշրջանից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 9-ի երեկոյան Դավիթ Քոչարյանի մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել: Հրազդանի «Վեվ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է եղել, որի շարունակությանը միջամտել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը:
Մեր տեղեկություններով՝ վիճաբանող կողմերից մեկը եղել է պատգամավորի ընկերը, որը հաշիվներ պարզելու համար երկրորդ անգամ նույն տեղ գնացել է Դավիթ Քոչարյանի հետ: Վերջինս էլ իր մոտ եղած ատրճանակի բռնակով հարվածել է վիճաբանողներից մեկի գլխին, պատճառել մարմնական վնասվածք, այնուհետեւ մեկ անգամ էլ կրակել է գետնին:
Դեպքի վերաբերյալ մեկնաբանություն չի հաջողվում ստանալ Դավիթ Քոչարյանից, քանի որ նրա հեռախոսն անջատված է: Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, այն պատժվում է ազատազրկմամբ՝ 4-7 տարի ժամկետով:




























