Փաստաբանների դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարական է տվել դպրոցի ղեկավարի պաշտոնից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ինքը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ ինքը նշանակվել է փորձագիտական կենտրոնի հարավկովկասյան ներկայացուցչության ղեկավար: «Դեռ անցյալ տարի դիմել էինք դրամաշնորհի համար ու հիմա կարծես մեր ծրագրերը կարողանում ենք կյանքի կոչել: Այս կենտրոնը, ըստ Բաղդասարյանի հեռավար կարգով կատարելու է տարբեր տեսակի փորձաքննություններ: Հրաժարականի դիմումը ներկայացրել եմ ուրբաթ օրը, միաժամանակ ես մնում եմ Փաստաբանների դպրոցում որոշ ծրագրերի ղեկավար՝ մինչեւ այդ ծրագրերի ավարտը»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այդ ծրագրերի դեպքում՝ իր Հայաստանում գտնվելը պարտադիր հանգամանք չէ:

Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ իր հրաժարականը կապված է նրա հետ, որ Փաստաբանների դպրոցում վերջերս աուդիտ է անցկացվել, ինչի արդյունքում ֆինանսական չարաշահումներ են հայտնաբերվել, Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց. «Փաստաբաբբերի դպրոցում նախորդ ամիս ենք աուդիտ ներկայացրել եւ եզրակացությունը հրապարակվել է: Ոչ մի խնդիր այդ առնչությամբ, չկա, խորհուրդը հաստատել է ներկայացված թվերը»:

Հիշեցնենք, որ Նիկոլայ Բաղդասարյանը դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանն է: