Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Օլեգ Ցարեւի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախագահի թեկնածուին ծեծել են, նա ծանր վիճակում է, փոխանցում է ՈՒՆՆ-ն:
« ICTV հեռուստաալիքով ուղիղ եթերի ավարտից հետո` Ուկրաինայի նախագահի թեկնածու Օլեգ Ցարեւը հարձակման է ենթարկվել զինված ագրեսիվ ամբոխի կողմից, որը շրջափակել էր հեռուստաալիքի շենքը», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի թեկնածու Օլեգ Ցարեւին շրջափակել էին ICTV հեռուստաալիքի շենքում, որտեղ վերջինս մասնակցում էր «Խոսքի ազատություն» ծրագրին: Ակտիվիստները ներխուժել էին Ցարեւի մեքենա, որտեղ գտել էին 3 հրացան եւ Կալաշնիկով ինքնաձիգի փամփուշտներ:
Ժ. 02:30-ին Ցարեւը դուրս է եկել: Մարդիկ սուլել են եւ բղավել` «Ամոթ»: Թեկնածուի վրա փորձել են ձվեր նետել: Ցարեւին ցանկացել է տանել շտապօգնությունը, սակայն նրան բաց չեն թողել: Ավելի ուշ սպիտակ միկրոավտոբուսով Ցարեւին տարել են անհայտ ուղղությամբ:




























