«Ռոսգրանիցայի» նախկին ղեկավար Դմիտրի Բեզդելովի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել` մեկ միլիարդ ռուբլու յուրացման կասկածանքով:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ «Ռոսգրանիցայի» կարգավորման Դաշնային գործակալության մի շարք պաշտոնյաներ եւ նրա «Ռոսգրանստրոյ» դուստր-ձեռնարկության մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են`  2013 թ. աշնանը պետբյուջեի միջոցները յուրացնելու համար: Թերթը հայտնում է, որ 2014 թ. սկզբին քննության մոտ Դմիտրի Բեզդելովին ուղղված հարցեր են ծագել:

««Ռոսգրանիցայի» նախկին ղեկավար Դմիտրի Բեզդելովը համախոհների հետ կասկածվում է մեկ միլիարդ ռուբլի յուրացնելու մեջ, քննությունը հարցեր ունի նաեւ Դմիտրի Բեզդելովին: Նրան բազմիցս հարցաքննության ներկայանալու ծանուցումներ են ուղակվել, սակայն   նա արհամարհել է դրանք: Օրերս, երբ «Ռոսգրանիցայի» նախկին ղեկավարը չէր ներկայացել հերթական հացաքննությանը, որոշվել էր դաշնային հետախուզում հայտարարել նրա նկատմամբ», - գրում է թերթը:

Նշվում է, որ մեկ միլիարդ ռուբլին հայտնվել էր «Ագրոսոյուզ» բանկի հաշվին, որի խոշոր շահառուն «Ռոսգրանիցայի» նախկին ղեկավարի հայրն է` Ալեքսանդր Բեզդելովը: Նշվում է նաեւ, որ Ռոսգրանիցայի այն ժամանակվա ղեկավար  Դմիտրի Բեզդելովը պաշտոնից ազատվել էր կառավարության հրամանով: Վարչապետի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան հայտարարել էր, որ որոշումը կայացվել էր իրավապահ մարմինների ստուգումների արդյունքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Կոմերսանտը»:

«Ռոսգրանիցայի» լիազորությունների մեջ է մտնում ՌԴ պետական սահմանների բարելավումը, անցակետերի ստեղծումը, զարգացումը եւ դրանց գործունեության ապահովումը: