Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը ցույց տվեց, որ Թուրքիան պատրաստ չէ գնալ երկկողմ հարաբերությունների կարգավորման։ Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ռամկավար ազատական» կուսակցության առաջնորդ Հարություն Առաքելյանը։ Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակում Հայաստանին մնում է Ցեղասպանությունը հերքողներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենք ընդունել։

Նրա խոսքով, Հայաստանը Ցեղասպանության հարցը պետք է տեղափոխի իրավական դաշտ՝ հայցով դիմելով Միջազգային դատարան։ «Միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ պետք է հայց ներկայացվի՝ Բաքվում, Սումգայիթում եւ Կիրովաբադում հայերի կոտորածների, ինչպես նաեւ սեփական ժողովրդին Խոջալուում սպանելու համար»,- ասաց նա։

Ասուլիսի մյուս բանախոս, Հանրապետական կուսակցության խմբակցության պատագամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ մտավախություն կար, թե հայ-թուրքական գործընթացը կարող է կանգնեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը. «Ինչպես տեսանք, նման բան չպատահեց։ Հակառակը, Ցեղասպանության թեման միջազգային հանրության կողմից այս տարի քննարկվեց ավելի, քան երբեւէ»,- նշեց նա։ Նրա խոսքով, հայկական դիվանագիտությունը կարողացավ ոչ միայն դիմագրավել թուրքական ճնշումներին, մասնավորապես՝ հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան կարգավորման հետ կապելու փորձերին, այլ նաեւ պատին սեղմեց թուրքական կողմին։ «Եթե ՀՅԴ-ն իմանար, թե Թուրքիայի հետ երկխոսությունը որքան կազդեր Ցեղասպանության հարցի վրա, դուրս չէր գա կոալիցիայից»,- նշեց Ավագյանը։