Ներկայումս նպատակադրված խնդիրները լուծելու համար բանակցություններ ենք վարում. մեր որոշումը կախված կլինի այն բանից, թե արդյոք կընդունվեն Դաշնակցության կողմից առաջարկված 7 կետերը: Այս մասին ապրիլի 16-ին լրագրողներին հայտնել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` պատասխանելով նախագահի` նոր իշխանական կոալիցիայի մաս կազմելու առաջարկությանն արձագանքելու ժամկետների վերաբերյալ հարցին:

Ռուստամյանի խոսքերով, եթե այդ յոթ կետերն ընդունվեն, հետագա գործողությունների, մասնավորապես` ընդդիմությանը վերահսկողական գործառույթներ իրականացնելու հնարավորություն տալու մասով ճանապարհային քարտեզ կմշակվի: «Դաշնակցությունը չի քննարկում կառավարության մաս կազմելու հարցը»,-հավաստիացրել է Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ համաձայն Սահմանադրության, վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում պետք է կառավարություն ձեւավորվի: Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել ապրիլի 13-ին: