Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական հերթական նիստի ընթացքում այսօր՝ ապրիլի 16-ին, գործով երկու վկաներն իրենց նախաքննական ցուցմունքներին հակասող ցուցմունք տվեցին։
Մասնավորապես, Ալբերտ Մաթոսյանը, որից, ըստ մեղադրանքի, Վոլոդյա Ավետիսյանը 500 դոլար է պահանջել նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու համար, եւ նրա կինը՝ Անժելա Պողոսյանը, դատարանում հայտարարեցին, որ 2013թ. հուլիսի 29-ին Ազատության հրապարակում Վոլոդյա Ավետիսյանը Ալբերտ Մաթոսյանի հետ հանդիպմանը գումարի մասին ոչինչ չի խոսել։ Մինչդեռ երկուսն էլ իրենց նախաքննական ցուցմունքներում գրել էին, որ Ազատության հրապարակում պահեստազորի գնդապետը Մաթոսյանից գումար է պահանջել։ Ավելին՝ Ալբերտ Մաթոսյանը իր նախաքննական ցուցմունքում, որն այսօր հրապարակվեց դատարանում, գրել էր. «Ինձ ասեց՝ ավելի թանկ արժե, բայց քո խաթր 500 դոլարով կանեմ»։
Իրենց նախաքննական ցուցմունքների արձանագրությունը լսելուց հետո ամուսինները պատճառաբանեցին, որ դատարանում պարզապես մանրամասն չեն պատմում կատարվածը, եւ ճիշտը իրենց նախաքննական ցուցմունքում գրվածն է, Անժելա Պողոսյանն էլ ավելացրեց, որը երկար ժամանակ է անցել, ինքը կատարվածի մանրամասները լավ չի հիշում։
Ի դեպ, ցուցմունքներում առկա հակասությունները դատախազից առաջ ամեն անգամ նկատում էր դատավոր Լեւոն Ավետիսյանը, ավելին՝ նա Անժելա Պողոսյանին մի քանի անգամ հարցրեց՝ «ամուսինդ հանդիպումից հետո քեզ 500 դոլարի մասին ասե՞լ ա, թե չէ», ինչը հունից հանեց Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանին, որը տեղից վեր կենալով հայտարարեց. «Այնպիսի տպավորություն է, որ դատարանում երկու մեղադրող կա՝ մեկը դատավորը, մյուսը՝ դատախազը»։
Նիստից հետո փաստաբանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատավորը անկհայտորեն շահագրգռված էր վկայից իր ուզած պատասխանը կորզելու հարցում։
Ամուսինների խոսքով՝ իրենք ոստիկանություն բողոք չեն ներկայացրել, ոստիկանություն է դիմել Ծովինար Եղոյանը, որը Վոլոդյայի բարեկամուհին է։
«Ծովիկն ա մեղավոր, որ մենք էս օրին հասանք։ Ծովիկն է ցուցմունք տվել, սակայն մենք գումար չէինք տվել, դրա համար հանգստացա: Ժամը 19:00-ից մինչեւ գիշերվա 1-ը ռազմական ոստիկանությունում ցուցմունք ենք տվել»,- ասաց Ալբերտ Մաթոսյանի կինը՝ Անժելա Պողոսյանը: Այստեղ եւս հակասություն կար նախնական ցուցմունքի հետ, որտեղ նշված էր, որ ամուսիններին ռազմական ոստիկանությունում պահել են մինչեւ 21։50-ը։ Հիշեցնենք, որ ըստ վկաների, հենց Ծովինար Եղոյանն է միջնորդել, որ Վոլոդյա Ավետիսյանը գումարի դիմաց օգնի Մարտակերտի զորամասում ծառայող իրենց որդուն օպերատոր նշանակել։
Նշենք, որ դատարանի դահլիճում նստած ազատամարտիկներից մի քանիսին դատավորը հեռացրեց դահլիճից վկաների հարցաքննության ժամանակ տեղից ռեպլիկներ անելու եւ բարձրաձայն խոսելով ՝նիստը խանգարելու համար։
Այսօր նաեւ ցումունք տվեց Ալբերտ Մաթոսյանի դուստրը՝ Անահիտ Մաթոսյանը։
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 5-ին։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: Վոլոդյա Ավետիսյանը ըստ մեղադրական եզրակացության, հանդիսանալով պահեստազորի գնդապետ,խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ,կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության,թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը,սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար,սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:
Վոլոդյա Ավետիսյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա եւ իր մարտական ընկերները պնդում են, որ սա քաղաքական հետապնդում է, որի պատճառը պահեստազորի գնդապետի հասարակական գործունեությունն է. հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանն էր ղեկավարում անցած տարի սկսված՝ ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավում պահանջող բողոքի արշավը։




























