«Շանհայ-էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի բացման նպատակով Չինաստան կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ձյանսու նահանգի Սուժոու քաղաք և համանուն տեխնոպարկ: «Սուժոուի տեխնոպարկը» Չինաստանի ու Սինգապուրի համատեղ իրագործած նախագիծն է: «Չինական Վենետիկ» անունը ստացած Սուժոու քաղաքի տեխնոպարկի տարածքը կազմում է 288 քկմ (Երևան քաղաքի վարչական տարածքից ավելին) և սփռված է Ձինձի լճի ողջ պարագծով: Արդյունաբերական արտադրանքի և պատրաստի արտադրանքի արտահանման ծավալներով Սուժոուն զիջում է միայն Շանհային:
Այստեղ Սերժ Սարգսյանն այցելել է խոշորագույն «Հայգեր» (Higer) ավտոբուսների գործարան, որտեղ նրան դիմավորել են Սուժոուի փոխքաղաքապետ Ժաո Վեյչանն ու «Հայգեր» կորպորացիայի գլխավոր տնօրեն Վու Վենմենը:
Այս գործարանը միայն Սուժոու քաղաքում 4000 աշխատատեղ ունի, անցած տարի ունեցել է 730 մլն ամերիկյան դոլարի շրջանառություն: Ինչպես հայկական պատվիրակության անդամների հետ զրույցում նշել է Վու Վենմենը, այդ ցուցանիշին նրանք մտադիր են հասնել նաև հայկական շուկայում գործունեություն ծավալելու արդյունքում: «Հայգեր»-ի ղեկավարի խոսքերով, իրենք ուսումնասիրել են Հայաստանի շուկան և վստահ են, որ «համագործակցության նոր հորիզոններ են բացվում»:
Իր հերթին քաղաքային իշխանության ներկայացուցիչը հայտնել է, որ Սուժոուն շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնել համագործակցություն ոչ միայն տնտեսության, այլև կրթության և մշակույթի ոլորտում: Այնուհետև ՀՀ նախագահն ու նրան ուղեկցող անձինք շրջեցին «Հայգեր» գործարանի տարածքում` ծանոթանալով արտադրական գործընթացին:
«Հայգեր» գործարանից Սերժ Սարգսյանի գլխավորած հայկական պատվիրակությունն ուղևորվել է Սուժոուի գիտությունների, մշակույթի և արվեստի կենտրոն: Այստեղ ՀՀ նախագահը փոքրիկ շրջայց է կատարել ու ծանոթացել կենտրոնի տարածքում կազմակերպված թանգարանի ցուցանմուշներին:
Այնուհետև Սերժ Սարգսյանը հանդիպել է Սուժոուի քաղաքապետ Յան Լիի հետ: «Այստեղ ես տեսա Չինաստանի նոր հնարավորությունները: Ես ինձ զգում էի ապագայի քաղաքում: Էքսպոյի հիմքում ընկած գաղափարը դուք գրեթե իրականություն եք դարձրել»,- ասել է ՀՀ նախագահն ու հավելել, որ Հայաստանի ու Չինաստանի քաղաքական հարաբերությունները դրական են, և անհրաժեշտություն կա, որպեսզի տնտեսական հարաբերությունների զարգացման տեմպերը չզիջեն քաղաքականին:




























