ՆԱՏՕ-ի նոր ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ընտրությունից հետո Դաշինքի քաղաքականությունը Հարավային կովկասի երկրների նկատմամբ չի փոխվելու: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: «Պարոն Ռասմուսենը որեւէ լուրջ փոփոխության մասին չի հայտարարել: Ես չեմ սպասում, որ որեւէ զգալի փոփոխություն լինի» ասել է նա ու հավելել. «Ռասմուսենը ցույց է տվել իր հավատարմությունը Հարավային Կովկասի պետությունների հետ համագործակցությանը, ինքնուրույնությանն ու անկախությանը»:

Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունը տեղի է ունենում հիմնականում «Համագործակցություն հանուն խաղաղության», «Անհատական համագործակցության գործողությունների ծրագրի», ինչպես նաեւ «Պլանավորման եւ վերլուծության գործընթացի» շրջանակներում: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դիտվում է որպես եվրոպական ինտեգրացման եւ տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովմանն ուղղված եւս մեկ քայլ:

Հիշեցնենք, որ Ռասմուսենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինել է Յաապ դե Հոոպ Սխեֆերին: Նրա թեկնածությանը ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքում դեմ էր միայն Թուրքիան: Այդուհանդերձ, դաշնակիցներին հաջողվեց համոզել Թուրքիային, որի դիմաց Ռասմուսենը խոստացել է նպաստել Դանիայի տարածքում հեռարձակվող քրդական ռադիոակայանի փակմանը, ինչպես նաեւ քննարկել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հետ կապված «բարոյական փոխհատուցման» հնարավորության հարցը: Մինչ այդ Ռասմուսենը հրաժարվում էր այդ ծաղրանկարները տպագրած դանիական թերթերին ստիպել, որ ներողություն խնդրեն իրենց այդ քայլի համար: